Վերլուծություն

Սերժ Սարգսյանը ակնկարկու՞մ է, թե՞ ափսոսում

Ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա ջահերով երթը ԱԺ ընդդիմության կողմից օգտագործվեց՝ որպես իշխանության դեմ բողոքի ակցիայի հարթակ։ Երթին մասնակցեցին երկրորդ և երրորդ նախագահներ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը։ Այս իրադարձության ֆոնին միգուցե անտեսվեց կամ բավարար ուշադրության չարժանացավ Սարգսյանի հպանցիկ շփումը լրագրողների հետ, որի ժամանակ նա անդրադարձավ վերջին 4 տարիների իրողություններին։ Թերևս, օրը խորհրդանշական էր նաև այն առումով, որ 4 տարի առաջ նույնը օրը Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։

Սերժ Սարգսյանն իր հակիրճ խոսքում պատմում էր, թե ինչպիսի ցանկություններ ուներ՝ այդ օրվա հետ կապված. «Իհարկե, կցանկանայի, որ այս օրը մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ»։ Նրա այս խոսքերը, թերևս, կարող էին ընկալվել՝ սոսկ իբրև բարի ցանկություն, եթե նա չունենար հատուկ քաղաքական կենսագրություն — 1990-ական թթ. սկզբներից զբաղեցրել է հանգուցային պաշտոններ պետական համակարգում՝ պաշտպանության նախարար, ԱԱ նախարար, ՆԳԱԱ նախարար, 2006-2008թթ.՝ վարչապետ և, վերջապես, 2008-2018թթ.՝ նախագահ։  Եվ հենց նրա քաղաքական պատասխանատվության տիրույթում է հարցը, թե ինչու իր պաշտոնավարման օրոք Հայաստանը չդարձավ ավելի բարեկեցիկ երկիր, չունեցավ ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ: Հարցի պատասխանը պետք է փնտրել Սարգսյանի քաղաքականության արդյունքում երկրի ներսում հարաբերությունների կառուցարկման տիրույթում, որոնք ձևվում էին ուղղահայացության սկզբունքով՝ «պախանային» տրամաբանությամբ և «դաբռոյի» սկզբունքով, երբ «պախանը» պետք է առանձնաշնորհումներ տրամադրեր իր ստորադաս օղակներին: Իսկ նման հարաբերությունների պարագայում պետության բարգավաճում, մեղմ ասած, հնարավոր չէ պատկերացնել:

Սարգսյանի հաջորդ միտքը հնչում է իբրև չարախնդություն. «Բայց 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է, ողբում է եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների, կազմաքանդված բանակի համար, և, այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018-ի այս օրը»։ 

Սակայն Արցախի խնդիրը, սահմանների անվտանգության և բանակի մարտունակության հարցերը զրոյական մակարդակից չեն ծագել 2018թ.: Եվ 2018թ. «ցնծացող, այսօր ողբացող» ժողովուրդը այդ խնդիրները ժառանգեց ոչ թե ուրիշից, այլ հենց Սերժ Սարգսյանից: Վերջինս միշտ զբաղեցրել է այն պաշտոնները որոնք ուղիղ կապ ունեն անվտանգության և պատերազմի հետ՝ պատասխանատու լինելով վերոգրյալ խնդիրների պատշաճ սպասարկման համար: Սարգսյանի տեքստի՝ վերոնշյալ հատվածում բանալին հենց «ավելի» բառն է, այսինքն, սահմանների անվտանգությունը, բանակի ապահովվածության մակարդակն իր օրոք լավ է եղել, ինքը կցանկանար այսօր «ավելի» լավը տեսնել:  Իհարկե, այդ բանալի բառի օգտագործումը թաքնված քարոզչության ենթաշերտերից է:

Նախկին նախագահը շարունակում է. «Ես չեմ փոշմանել հրաժարականի համար։ Եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե, 2018թ. ապրիլին այլ կերպ գործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել»: Այստեղ կարծես գործ ունենք ոչ բավարար անկեղծության հետ: Սարգսյանը, հրաժարականը հրապարակելիս, փայլուն գիտեր ղարաբաղյան գործընթացի բանակցային իրավիճակը, առկա հնարավորությունները և մարտահրավերները: Այդ մասին նա խոսել է նաև հրապարակավ՝ վարչապետի պաշտոնում իր ընտրության խորհրդարանական նիստում։ Եվ, ուրեմն, բացառվում է, որ, այդ ամենին տիրապետելով, նա չկարողանար հասկանալ առկա իրական ռիսկերը և հետագա զարգացման հնարավոր սցենարները: Իսկ իմանալու պարագայում հարաժարական տալը խոսում է մի բանի մասին. Սարգսյանի պաշտոնավարման դեմ համաժողովրդական ընդվզումը զրկում էր նրան՝ այլ կերպ գործելու հնարավորությունից: Այս տրամաբանությամբ էլ՝ հիմնավոր չէ Սարգսյանի ասածը, թե, իբր, հետագա զարգացումները կանխատեսելու դեպքում, «այլ կերպ կգործեր»: Եթե չի կանխատեսել, դա խոսում է իր զբաղեցրած պաշտոնին ոչ կոմպետենտ լինելու մասին, իսկ եթե կանխատեսել, բայց, այդուհանդերձ, հրաժարական է ներկայացրել, ապա, կա՛մ իրեն չեն մտահոգել հետագա զարգացումները և հետևանքները, այլապես գոնե կբարձրաձայներ դրանց մասին, կա՛մ այդ ամենում ունի իր բաժին հստակ պատասխանատվությունը, ինչի համար էլ ժողովուրդը մերժեց նրա պաշտոնավարումը:

Ի դեպ, 2018թ. ապրիլյան իրադարձությունների մթնոլորտում «այլ կերպ գործելը», երևի, մեկ բան է նշանակում՝ ուժ կիրառել: Հակասություն կա՞ այստեղ: Պատասխանն ակնհայտ է: Հուսանք՝ ՀՀԿ առաջնորդը չի ափսոսում իր իշխանավարման ցիկլը, Մարտի 1-ով սկզբնավորելուց հետո, նմանատիպ իրադարձությամբ չփակելու համար:

Միով բանիվ՝ Սերժ Սարգսյանի տեքստը հակասականության, թաքնված և բացահայտ ակնարկների ուղերձ էր, նպատակը՝ արդարացնել իր իշխանավարման ժամանակահատվածը և բացթողումների ու դրանց հետևանք հանդիսացող հետագա զարգացումների պատասխանատվությունը օտարել իրենից:

Արտակ Խաչատրյան