ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է հերթական հոդվածը, որտեղ դրվագներ է ներկայացնում 1998 թվականի ԱԽ հայտնի նիստից և ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացից։ Օսկանյանի հոդվածի արձագանքները, մեծ հաշվով, չհատեցին սոցցանցերի սահմանները և մնացին մի քանի գրառման տիրույթում։ Այստեղ, սակայն, չարժե խոսել այդ հոդվածում առկա մանիպուլյատիվ, երբեմն էլ՝ պարզունակ կեղծիք պարունակող պնդումների ու դրանց հարուցած հակադարձությունների մասին։
Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում վերջին 25 տարում ասպարեզ եկած կարգավորման առաջարկները, տարբերակները, փաստաթղթերն ու վերջիններում առկա նրբերանգներն ունեն զուտ պատմաքաղաքագիտական արժեք, և՝ ոչինչ ավելի։ Այլ կերպ ասած՝ 1997 թվականի «փուլային» տարբերակը կամ, պայմանական, «լավրովյան» պլանը, արդիականության տեսանկյունից անարդյունք քննախոսության թեմա են։ Այս և, ընդհանրապես, բոլոր հայտնի ու անհայտ կարգավորման տարբերակներն այլևս ժամանակավրեպ են՝ ռեալ պոլիտիկի ելակետից։ Կա իրականություն, որից որևէ մեկը չի կարող փախչել, իրականություն՝ անկախ նրանից, թե ինչ գույներով ենք այն տեսնում, ուստի, մեր հավաքական հանրության բանավեճի հիմնաքարը պիտի լինեն մի քանի առանցքային կետեր.
- Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում կորցրել է առնվազն ռեալ խաղացողի սուբյեկտայնությունը։ Պարտված պատերազմի հետևանքով ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են անցել նախկինում բանակցային գործընթացում առանցքային տեղ և հայկական կողմի համար սակարկման գործառույթ ունեցող 7 շրջանները և ավելին՝ Շուշին և Հադրութը, ինչը բերել է հայկական կողմի կռվանների՝ գրեթե սպառման։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժեր, և, փաստացի, հենց վերջիններս են հանդես գալիս որպես անվտանգության միակ երաշխավոր և, ինչը բնական է, իրադրության թելադրող։
- 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս կայացած Հայաստան-Ադրբեջան և երրորդ կողմի բոլոր շփումներում հակամարտության կարգավորման հետ ուղիղ առնչություն ունեցող որևէ հարց չի հրապարակայնացվել, ինչը նշանակում է, որ առնվազն ներկա փուլում չկա բուն հակամարտության կարգավորման որևէ բովանդակային տարբերակ և առաջարկ։ Այս տեսանկյունից՝ բացարձակ անիմաստ է հղումներ անել նախկին այս կամ այն փաստաթղթին, կամ այդ իմաստն առկա է՝ զուտ քարոզչական, քաղաքական դիվիդենտներ կորզելու և ներքաղաքական շահարկման առումով։ Այստեղ, թերևսմ նշենք, որ թեկուզ և հնարավոր չէ խուսափել այս դրսևորումներից, սակայն հայաստանյան հասարակական-քաղաքական ընտրանու և, ընդհանրապես, հանրային դիսկուրսում կենսական հրամայական է իրադրության ռացիոնալ և սթափ գնահատականը։ Ի դեպ, այս առումով նման միտում առկա էր ապրիլի 13-14-ին՝ վարչապետի ելույթներում, որոնց արձագանքները, սակայն, հերթական անգամ չանցան հայհոյախոսությունից և զգայական հռետորաբանությունից անդին։
- Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադրության առկա պայմաններում համապատասխան ներուժ չունի՝ նոր առճակատումների գնալու համար։ Միևնույն ժամանակ, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է նաև մինչ օրս գործած քաղաքական տրամաբանության սկզբունքներով առաջնորդվելը, որոնք փաստացի սպառել են իրենց՝ գիտենք, թե ինչպիսի հետևանքներով։
- Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կենսական անհրաժեշտություն է՝ թե՛ պետության, թե՛ հասարակության համար դադար առնելու, շունչ քաշելու և փոփոխված տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրականությանը համահունչ հայեցակարգեր մշակելու, հարևանների հետ հարաբերվելու նոր մոդելներ ու սկզբունքներ ձևավորելու դիտանկյունից։
Վերոշարադրյալի համատեքստում, կարծում ենք, անարդյունք ժամանավաճառությունն է կորսված հնարավորությունների շուրջ ցանկացած քննախոսության արհեստական հրահրումը, եթե դրանք միտված են առկա իրականությունը լղոզելուն կամ, որ ավելի վատ է, մանր քաղաքական խմբակների նեղ շահերին ծառայելուն։
Հարկավ, պատմաքաղաքագիտական տեսանկյունից չափազանց կարևոր է հանրության հետ բաց և բովանդակային խոսակցությունը, թե ինչու մենք, որպես հասարակություն և պետություն, հասանք այս հանգրվանին, կարևոր է՝ ապագայում նման ընթացքը բացառելու համար։ Բայց շատ ավելի էական է, որ ամեն վայրկյան փոփոխվող աշխարհում անցյալի կաղապարներն ու կլիշեները, ինչպես և՝ նույն անցյալի վախը կամ կարոտախտը, չդառնան հանրային և քաղաքական օրակարգ ստեղծող ու առաջնորդող գործոն։
Աղասի Մարգարյան