Վերլուծություն

Սեղանին այլևս ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հարցն է դրված

Այս պահին Հայաստանի առջև ծառացած բոլոր սպառնալիքները և աշխարհաքաղաքական խնդիրները, այսպես, թե այնպես, սկիզբ են առնում կամ կապված են արցախյան հիմնահարցի հետ։ Առանց արցախյան հիմնահարցի լուծման՝ հնարավոր չէ լուծել դրանք և փոոխություններ մտցնել աշխարհաքաղաքական ծայրահեղ վտանգավոր վիճակում, որում հայտնվել է Հայաստանը։ Առանց արցախյան հիմնահարցի լուծման՝ հնարավոր չէ նաև փորձ անել փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Առանց արցախյան հիմնահարցի լուծման՝ նման փորձը ինքնասպանություն է լինելու, իսկ նման փորձի կոչ անողնեը կամ չեն հասկանում թե ինչ են խոսում, կամ պարզ սպասարկուներ են հայտնի ուժային կենտրոնների համար։ Իսկ ուժային բևեռի փոփոխության հարցը ժամ առ ժամ դառնում է ավելի օրհասական։ Ռուսաստանն այլևս վերածվել է ընկղմվող նավի՝ թերևս ««Մոսկվա» հածանավ» անունով։ Անկող գերտերությունները, սովորաբար, իրենց հարևան պետություններին քաշում են իրենց հետ դեպի անդունդը։ Տվյալ դեպքում՝ քաշելը, ամենայն հավանականությամբ, երկաթյա վարագույրից անդին դեպի մեկուսացում ներքաշելն է ու սուվերենության փշրանքների հետագա մարսումը Ռուսաստանի կողմից։

Արցախյան հիմնահարցի սառեցման, առկախման կամ տաքացման դեպքում նույնանման ճակատագրի են արժանանալու նաև Հայաստանի առջև ծառացած մյուս հարցերը։ Հայաստանը, տասնամյակներ շարունակ չլուծելով արցախյան հիմնահարցը, փոխարենը, անընդհատ ժամանակ ձգելով և վերարտադրելով ստատուս քվոն՝ կատարել է ճակատագրական սխալ և վատթարացրել իր աշխարհաքաղաքական դրությունը։ Նույն քաղաքականությունը գուցե տա կարճատև կայունության կեղծ տպավորություն ինչպես մինչ օրս, բայց բերելու է շատ ցավալի հետևանքների։

Բացի այդ՝ հարցի սառեցումը կամ առկախումը՝ մինչև «ավելի լավ» ժամանակների գալը, նույնպես սին հույս է։ Նախ, կա պատմական փորձառություն, որ արցախյան հիմնահարցի ամեն հաջորդ լուծումն ավելի վատն է հայկական կողմի համար։ Երկրորդ՝ բոլոր ցուցանիշներով՝ բնակչություն, բանակ, ֆինանսներ, աշխարհաքաղաքական դրություն, Հայաստանի վիճակը, համեմատած Ադրբեջանի հետ, ունի միայն վատթարանալու միտում։

Եվ ուրեմն, նորից, եթե այսօր Հայաստանը չի գնում Ադրբեջանի հետ համաձայնություններին, վտանգում է ամեն ինչ՝ փոխարենը չստանալով ոչ մի հույս՝ ապագայում ավելի լավ պայմաններում աշխատելու։

Ինչպիսին պետք է լինի այդ կարգավորումը՝ առանց անիմաստ լավատեսության՝ կա՛մ շատ վատը, կա՛մ աղետային։ Շատ վատ լուծումը Ադրբեջանի կազմում ԼՂ-ի որևէ կարգավիճակն է՝ աշխարհում գոյություն ունեցող ամենալայն ինքնավարությամբ, որին պետք է գումարվեն ֆիզիկական անվտանգության գործուն երաշխիքներ, իսկ աղետայինը՝ Արցախի բնակչության տարհանումն է։ Ընդ որում, այս պահին ավելի իրատեսական է թվում աղետային լուծումը, քանի որ շատ վատ լուծման իրագործման համար «եթե»-ները չափազանց շատ են։

Սակայն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Սա այլևս ժամանակի և իրավիճակի հրամայականն է։ Այս հրամայականը չընկալելը կամ արհամարհելը առավել քան դառը հետևանքներ կարող է ունենալ ողջ երկրի համար։ Ժամանակն ու իրավիճակը հասունացրել են այս պահանջը ոչ միայն 44-օրյա պատերազմի տեսքով այլև՝ ուկրաինական ճգնաժամի։

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազմանը ձգտող Արևմուտքի գործողությունները պատմական հնարավորություն են ստեղծում Հայաստանի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների համար՝ վճռականորեն գնալ տարածաշրջանի խաղաղեցմանը և ապառուսականացմանը։ Սա ասելով հանդերձ՝ պետք է հիշել, որ Արևմուտքի համար որևէ նշանակություն չունի Արցախի ճակատագիրը։ Արևմուտքի համար կարևոր է տարածաշրջանը խաղաղեցնելը և Ռուսաստանի թուլացմանը հասնելը։

Արցախյան հարցում Հայաստանը չունի դաշնակիցներ՝ ոչ հյուսիսում, ոչ արևմուտքում, ոչ էլ՝ այլ տեղ, իսկ սեփական ուժերով Հայաստանն ի վիճակի չէ այլևս պաշտպանելու Արցախը։ Միևնույն ժամանակ Հայաստանի պետականության գոյությունը դեռ շահավետ է որոշ ուժային կենտրոնների համար և Հայաստանում դեռ կա որոշ ներուժ՝ պետությունը պահպանելու։ Հետևություններն ավելի քան պարզ են։ Այդ հետևությունների հիման վրա որոշումներ կայացնելուց խուսափելը երկիրը տանելու է աղետի։

Չսխալվենք, սեղանին այլևս դրված է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հարցը։

Արեգ Քոչինյան