Ապրիլի 13-ին խորհրդարանում վարչապետի ելույթի կարևորագույն ուղենշային արձանագրումը Հայաստանի խաղաղության ձգտման վերահաստատումն էր։ Հայաստանի կառավարությունը, փաստորեն, բացարձակ առաջնահերթություն է համարում հարատևող խաղաղության հաստատումը և հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Այս գիծն անցնում էր ամբողջ ելույթի միջով՝ ամբողջությամբ տեղավորվելով իրատեսության և սեփական հնարավորությունների օբյեկտիվ գնահատման բովանդակության մեջ։ Այս գիծը ներկայումս միակն է, որ ելնում է ՀՀ պետական շահերից։ Այս գծի իրական սպասարկման պարագայում է հնարավոր միայն Հարավային Կովկասում հարատևող հայկական պետականության գոյությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոնֆլիկտի հետագա շարունակությունը, ի վերջո, բերելու է Հայաստանի տարրալուծմանը Ռուսաստանին։ Նման սցենարի իրագործման հնարավորությունը, հատկապես՝ ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ, էականորեն մեծացել է։ Ժամանակը ցույց կտա կառավարության հռչակած գծի և գործողությունների տրամաբանության ընդհանրությունը կամ հակադրությունը, իսկ մինչ այդ հարկ է արձանագրել, որ խաղաղության գիծը ունի մի շարք հակառակորդներ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս։
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ավանդաբար դիմադրող հիմնական ուժային կենտրոնը Ռուսաստանն է։ Ռուսաստանն իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչպես և՝ գրեթե ամբողջ ետսովետական տարածքում, հիմնականում պահում է կոնֆլիկտային իրավիճակների և դրանցում թույլ, կախյալ կողմերի պահպանման հաշվին։ Եթե լուծվում են Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա կոնֆլիկտները, որակապես փոխվում է Հայաստանի կախվածության, ինչպես նաև՝ տարածաշրջանում Ռուաստանի ազդեցության մակարդակները։
Հայաստանի ներսում խաղաղության դեմ պայքարող ուժերը հայտնի են՝ արցախյան թեմատիկայով պարբերաբար պիկետներ անցկացնելով, եթերներում դեօկուպացիայից խոսելով, հրապարակներում ու խորհրդարանի դահլիճում Արցախի դրոշներ բարձրացնելով և այլ էպատաժներով ու սադրանքային բնույթի գործողություններով։ «Քաղաքական» ու անդրքաղաքական այս ուժերը, որոնք հարվածում են կառավարության կողմից նշյալ գծի սպասարկմանը կամ խաղաղության գործընթացին, փաստորեն, սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի շահերը։ Ընդ որում, դա անում են՝ խաղալով հասարակության հայրենասիրական մղումների ու արժանապատվության նուրբ լարերի վրա և, հաճախ, անգամ գիտակցելով սեփական խոսույթի ողջ անհեթեթության ու վտանգավորության մակարդակը։ Այս ուժերը չեն հետաքրքրվում իրականությամբ և դրանից ելնող տրամաբանական քայլերով։ Նրանք ունեն միայն մեկ նպատակ՝ հնարավորինս շատ հարվածներ հասցնել, թիրախավորել ու արժեզրկել խաղաղության օրակարգը ու դրա կրող հանդիսացող կառավարության գործունեությունը։
Ուժերը, որոնք փորձում են հարվածել խաղաղության գործընթացին՝ խոսելով իրենց «կարմիր գծերի» մասին, ունեն երկու ախտորոշում։ Առաջինն այն է, որ նրանք տառապում են քաղաքական դալտոնիզմով, վարդագույն երազանքային գծերը շփոթում են իրական կարմիր գծերի հետ (կարմիր գիծը քո արմատական շահերի ու կարիքների գիծն է, որը դու ունակ ես պահել) ու օգտագործվում են ուժային կենտրոնների կողմից։ Հաջորդ տարբերակը՝ այդ ուժերը հենց ազդեցության գործակալներ են և նպատակադրված վնասում են Հայաստանին՝ սպասարկելով կոնֆլիկտի շարունակությամբ հետաքրքրված ուժային կենտրոնի շահերը։
Եթե խաղաղության գծի սպասարկման համար այս պահին դեռևս հնարավոր չէ ամբողջությամբ չեզոքացնել արտաքին քաղաքական դիմադրությունը, ապա ներքաղաքական վտանգները չեզոքացնելը ոչ միայն հնարավոր է, այլև՝ պարտադիր։ Ու դա, թերևս, կլինի ՀՀ կառավարության մտադրությունների լրջության լավագույն ցուցիչը, քանի որ առանց ներքաղաքական դիմդադրության հաղթահարման (այն էլ՝ այսպիսի թեմայով և այսպիսի սադրիչ ու վտանգավոր դիմադրության)՝ հնարավոր չի լինելու խոսքերից անցնել գործերին։
Արեգ Քոչինյան