Վերլուծություն

Դիվանագիտությունը անառողջ աղմուկ չի սիրում

Ընդդիմության ապրիլհինգյան հանրահավաքը կայացավ։ Լավատեսական մղումով, թերևս, զերծ մնանք հանրահավաքի բովանդակությանը կամ դրա բացակայությանը անդրադառնալուց. պարզապես հերթական «միտինգ»՝ միջին վիճակագրական «միտինգային» տրամաբանությամբ։ Առանձնապես մեծ ակնկալիքներ չկային ո՛չ հարթակից հնչած տեքստերից, ո՛չ ելույթ ունեցողներից։ Արդեն հաշվել չի լինում, թե որերորդ անգամ է Իշխան Սաղաթելյանը ազդարարում «ազատագրական պայքարի» մեկնարկը, իսկ երգչախմբի մյուս դերակատարները, նույն տրամաբանությամբ, աղաղակոմ օրվա ղեկավարությունից օր առաջ իշխանությունը վերցնելու անհրաժեշտության մասին։ Իսկ ելույթները, ինչպես միշտ՝ մի փոքր պատմության այլախեղում, մի քիչ զգացմունք ու կրկին կենտրոնում դրոշն էր՝ մի սերիայում բարձրանում է, մեկ այլ սերիայում՝ այրվում և այդպես շարունակ։ 

Թե ինչ խնդիր էր լուծում կամ լուծեց հանրահավաքը դա էլ այլ քննարկման թեմա է. ի վերջո, այսօր կայանալու է Ալիև-Փաշինյան հանդիպում և այս իրադարձություններն առնվազն ներքին աղերսներ չեն կարող չունենալ։ Հանրահավաքային կանխատեսելի տրամաբանության մեջ ամենանշանակալի իրադարձությունն ամենևին էլ հարթակում չէր, այլ հավաքվածների շարքերում՝ Սերժ Սարգսյանի մասնակցությունը։ Խոսքում ժլատ Սարգսյանը մի քան կցկտուր պատասխաններ տվեց որոշ հարցերի՝ մատնելով «միտինգի» անիմաստությունը՝ հայտարարելով, որ Բրյուսելում դժվար թե փաստաթուղթ ստորագրվի։ Եվ ամբողջ հանրահավաքի ընթացքում հնչած ելույթների շարքում էլ քաղաքական ուղերձի տեսանկյունից միակ արժեքավորը Սերժ Սարգսյանի մեկ արտահայտությունն էր՝  Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հիմնադրույթների վերաբերյալ. «Կարծում եմ դրանք այն հարցերը չեն, որոնց մասին պետք է հրապարակում խոսել»։ Իհարկե, Սարգսյանը բարի գործ արած կլիներ, եթե այս մասին նախապես տեղեկացրած լիներ իր և «քույր» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խնայեին թե՛ իրենց ժամանակը, թե՛ ֆինանսները։

Եվ, իրավ, առկա իրադրության պայմաններում Ադրբեջանի հետ որևէ բանակցային բովանդակության շփում անհրաժեշտաբար լռություն է պահանջում։ Ընդհանրապես, բանակցությունը և դիվանագիտությունը լռություն են սիրում։ Աղմուկը, զգացմունքը, քարոզչությունը դիվանագիտության հակոտնյաներ են՝ իհարկե, ունենալով նաև կռվանների գործառույթ։ Այս բարդագույն խաղում խոհեմության ամբողջ բեռը ընկնում է իշխանության ուսերին, որպեսզի այն, ինչ ներքին մրցակցության մեջ սուր հակամարտություն է ենթադրում, հնարավորինս օգտագործվի որպես խուսանավելու խաղաթուղթ։ 

Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, սակայն ընդդիմության հանրահավաքն ընձեռում է այսօրինակ հնարավորություններ և առկա լարվածության պայմաններում, թեկուզ և սահմանափակ, սակայն իրապես բանակցելու և վերջնագրային ու կարմիր գծերի տրամաբանության ծիրից դուրս գալու ուղիներ է բացում։ Հանրահավաքի հերթական լինելն իսկ ասվածի հաստատումն է, քանի որ կազմակերպիչների հռետորաբանությունը կամ մոտեցումը նոր չէ, քաջ հայտնի է բոլորին և, կարող ենք արձանագրել, որ որոշիչ հանրային աջակցություն չունի։

Զերծ մնալով հանրահավաքին զուտ մարդաքանակի սկզբունքով գնահատական տալուց, հարկ է շեշտել, որ հարթակից հնչած վերջնագրային, այլընտրանքի բացակայության պնդումները մնում են «մահ կամ ազատություն» կամ երեկվա բառերով ասած՝ «զիջում կամ պատերազմել մինչև մահ» հայեցակարգում, որը սպառված է, որով մեր հանրությունը չի առաջնորդվում և պետք էլ չէ, որ առաջնորդվի։ Հավաքական մահն ու զրկանքը, ինչպես դասականն է փայլուն ձևակերպում, միշտ բաժին է հասնում հանրությանն ու ժողովրդին, իսկ ազատությունն ու պատերազմի բարիքները՝ նրա՝ մի խումբ սիրասուն ու ճարպիկ զավակներին։ Այնքան էլ վնասակար չէր լինի, ուստի, որ վերջիններս իրենց ճարպկության տաղանդից մի քիչ էլ բաժին հանեին հանրությանը՝ նկատի ունենալով, որ հրապարակներում հայ-ադրբեջանական բանակցությունների ու զիջումների կամ ստանալիքի հարցը չի լուծվելու, ինչպես հրաշալիորեն ձևակերպել է հրապարակի ստվերային առաջնորդը։  Վաղուց ի վեր ժամանակն է հայ քաղաքական մտքի կողմից սերտելու կրկնվող և միշտ արդիական մնացող դասագրքային ճշմարտությունը՝ դիվանագիտություն հնարավորի արվեստ է և, մեր մեջ ասած, անառողջ աղմուկ տանել չի կարողանում։

Աղասի Մարգարյան

 

Լուսանկարը՝ «Երկիր մեդիայի»