Ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցն անցավ պաշտոնական այցելությունների մթնոլորտում, և հերթական անգամ հանրային դիսկուրս տեղի չունեցավ, թե ինչ էր այդ պատերազմը և ինչ հանրային միֆերի տեղիք է տվել։ Եթե մի փոքր ձևափոխենք հայտնի դասականի խոսքը, կստացվի, որ երբեք այնքան չեն ստում (խեղաթյուրում), որքան պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո։
Շատերը կհիշեն 2016-ին Ապրիլյան պատերազմին տրված հաղթական գնահատականները ու պատերազմի արդյունքների շուրջ հյուսված լեգենդները։ Մինչդեռ, Ապրիլյան պատերազում, ըստ էության, ռազմական առումով ցուցադրվել էր հակառակորդի առավելությունը մի շարք հարցերում՝ օդում, պլանավորման գործում, փոքր խմբերի աշխատանքում և այլն։ Բայց դրա վրա կոնկրետացում գրեթե տեղի չունեցավ, ԱԹՍ-ների վճռորոշ գործոնից ոչ ոք դաս չքաղեց, փոխարենը՝ դաշտը լցվեց հակառակորդի «բլից-կրիգը ձախողելու» պաթոսով և հաղթանակի միֆերով, և հոգ չէր, որ բնավ հաստատված չէր, թե հակառակորդը բլից-կրիգ էր պլանավորել։
Ապրիլյան պատերազմը խիստ բացասական հետևանք ունեցավ նաև բանակցային գործընթացի վրա, քանի որ, ռազմական առումով, Ադրբեջանի գերակայության ֆոնին «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը ավելի ընդունելի սկսեց դառնալ միջազգային հանրության աչքում՝ նկատի ունենալով նաև Ռուսաստանի հակվածությունն այդ ուղղությամբ լուծումներին։ Չնայած՝ հայկական կողմը ներքին լսարանի առաջ թմբկահարում էր նաև ինչ-ինչ դիվանագիտական հաղթանակների մասին՝ առաջ քաշելով «Վիեննայի բանակցային օրակարգ» խրտվիլակը, դրա գործնական կիրառությունն ու շարունակականությունը տեղի չունեցան։ Բանակցային որևէ փուլում Ադրբեջանն այդպես էլ ընդառաջ չգնաց հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանի կատարմանը՝ դրա համար ճնշումների չենթարկվելով ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից։ Արդյունքում՝ «Վիեննայի բանակցային օրակարգը» իսպառ վերացել էր 2017թ. հոկտեմբերին՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո, բայց մնացել էին հայկական կողմի պարտավորությունները՝ դուրս բերել զորքերը «ադրբեջանական տարածքներից»։ Բանակցային իրական դրության շուրջ կեղծիքների, հանրային ինքնախաբեության, ինչպես նաև՝ կառավարող վերանախավի ու համակարգի ինքնանդրադարձ վերլուծություն անելու կատարյալ անընդունակության օրգանական շարունակությունն էլ եղավ 44-օրյա պատերազմի հետևանքների հետ չառերեսվելը ու միֆերի գիրկն ընկնելը։
Այսպես, եթե Ապրիլյան պատերազմում հայկական կողմի հաղթանակի մասին պնդումներն առնվազն «փաստարկվում» էին ստատուս-քվոյի պահպանմամբ, ապա 44-օրյա պատերազմից հետո տարածվող միֆերը նման փաստարկի հիմք իսկ չունեն, սակայն համառորեն տարածվում են՝ «համարյա հաղթում էինք», «մազ էր մնացել, որ հաղթեինք», «Ադրբեջանի բանակը համարյա լրիվ մաշվել էր», «եթե Հադրութում պաշտպանությունը ճիշտ կազմակերպվեր, կհաղթեինք», «եթե հարավում ճիշտ հրամանատար նշանակվեր, կհաղթեինք», «եթե մոբիլիզացիան ճիշտ կազմակերպվեր, կհաղթեինք», «կռիվը սկսել էր տաքանալ, ստոպ տվեցին» և նմանատիպ գնահատականներ։ Նախ, պետք է հստակ արձանագրել, որ պատերազմին խելամիտ գնահատական տալու համար արդեն իսկ այս «եթեները» շատ-շատ են. գրոտեսկային տրամաբանությամբ՝ «եթե հայկական կողմը միջուկային զենք ունենար՝ մի լավ կրիչով, գուցե ավելի տպավորիչ հաղթանակ լիներ»։ Սա արդեն լուրջ չէ։
Հարկ է փաստել, որ թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմների հետ առերեսվելու գործիքակազմերը նույնն են՝ դրանք կտրված են իրականությունից։ Մարտավարական բնույթի սխալներն, անշուշտ, կարևոր են ու պետք է քննվեն, ու մեղավորները համարժեք պատժի արժանանան։ Սակայն ընդհանուր ռազմավարական պատկերը հետևյալն է՝ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը հնարավորություն չուներ հաղթելու այս տեսակի պատերազմում։ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի դիրքորոշումները, ԱՄՆ ու հավաքական Արևմուտքի կեցվածքը, Հայաստանի, Ադրբեջանի կատարած նախապատրաստական աշխատանքները. այս բոլոր հանգամանքները տեսնելով ու համադրելով՝ անհնար է գալ հակառակ եզրակացության։ Եվ ուրեմն, բոլոր մարտավարական փոփոխությունները, ռեսուրսների ու գրագետ գեներալիտետի առկայությունը, լավագույն դեպքում, կարող էին ժամանակ ձգել, բայց պատերազմի ընթացքը փոխել չէին կարող։
Ամենացավալին այն է, որ հասարակությանը մատուցվում են նույն տրամաբանության մտքեր և, դրանց գումարած, խոսվում է կազմակերպվելու, 50 հազարանոց բանակի, մոբիլիզացիա անելու ու Արցախը պահելու, ռևանշի, հողերը ետ բերելու ու նամանատիպ այլ ցնորամիտ մոտեցումների մասին։ Նմանատիպ մտածողությունը արժեցավ նշյալ պատերազմական աղետները և այլ տեղ չի կարող տանել, բացի մի նոր ողբերգությունն ու Հայաստանի պետական մեքենայի կործանումը։ Ի վերջո, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական դրվածքը ավելի նպաստավոր չէ։ Փոփոխություններ չկան նաև Հայաստանի պաշտպանական պոտենցիալում, ժողովրդագրության, տնտեսության զարգացման մակարդակում և այլն։ Անհեթեթ է անել նույն բանը՝ տարբեր արդյունք ակնկալելով։ Եթե իրականությունից կտրվածության այս միտումները և այլևս անպահելին պահելու մեր որոշումները հնարավորինս արագ չփոխվեն, կարող է նաև բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ պահելու այն, ինչ դեռ հնարավոր է պահել։ Ճիշտ այնպես, ինչպես վարվել ենք՝ 100 տարի առաջ, 20 տարի առաջ, 2 տարի առաջ։
Արեգ Քոչինյան