Մարտի 24-ից Լեռնային Ղարաբաղում տիրող փոխված իրավիճակը շարունակում է մնալ չհանգուցալուծված։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը, ըստ էության, բավարարվեց հայտարարությամբ, որին հետևեց Ադրբեջանի ՊՆ-ի հերքող հայտարարությունը։ ՌԴ ՊՆ-ն որևէ շոշափելի գործնական քայլեր այդպես էլ չկատարեց կամ առարկայական արձագանքի չարժանացավ ադրբեջանական կողմից։ Կարևոր նրբերանգ է՝ ՌԴ-ն այդպես էլ չպատասխանեց Ադրբեջանի կոշտ հայտարարություններին։ Արձագանք չեղավ ռուսական կողմից նույնիսկ այն բանից հետո, երբ շարունակաբար հրապարակվում էին տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական զորքերը դեռևս Փառուխ գյուղում են և Քարագլուխ բարձունքում, այսինքն՝ անդրադարձ չեղավ նրան, որ Ադրբեջանը փաստացի ռուսական կողմին մեղադրում էր կեղծ տեղեկություններ պարունակող հայտարարությամբ հանդես գալու մեջ։ Նման զգուշավորությունը բացատրելի է ոչ միայն ուկրաինական ճգնաժամում ներգրավված լինելով, այլև ընթացիկ գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությամբ։ Իսկ որ վերջինս կարևոր դերակատարություն ունի ՌԴ-ի համար, անժխտելի է, ինչպես նաև նկատելի՝ Ուկրաինայի հետ դիվանագիտական երկխոսության խողովակ հանդիսանալու հարցում։ Թուրքիան շարունակում է ներգրավված լինել Լեռնային Ղարաբաղում իրադրության լարվածության մեծացմանը, ինչի վկայությունն է նաև Ուզբեկստանից վերադառնալիս ինքնաթիռում տված հարցազրույցում նախագահ Էրդողանի վերահաստատումը, որ հայկական ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի տարածքը։
Այս ամենի ֆոնին մարտի 31-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում առկա իրադրությանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն իր հռետորաբանությամբ հող է նախապատրաստում հնարավոր լայնածավալ պատերազմի համար։ Սա հստակ ակնարկ էր՝ հասցեագրված ինչպես արևմտյան գործընկերներին, այնպես էլ ՌԴ-ին։ ՌԴ-ին, քանի որ ի ցույց է դրվում վերջինիս համար Հարավային Կովկասում ռազմական գործողությունների երկրորդ ճակատի բացման հնարավոր ռիսկերը։ Պարզ է, որ Ադրբեջանի հայտարարություններին և գործողություններին ժամանակ շահելու համար պատասխան չտալով՝ ՌԴ-ն այժմ ավելի է խորացնում հնարավոր ռիսկերը, որոնց լուծումները հետագայում գուցե անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ պահանջեն։ Իսկ ահա Արևմուտքին հասցեագրված մեսիջը Ուկրաինայի ռազմական գործողությունների պատճառով լարված միջազգային իրադրության պայմաններում նոր պատերազմական օջախի մասին ահազանգելն է։ Ռուսաստանյան խաղաղապահների գործունեության վերաբերյալ հնչեցված հարցադրումներն, անշուշտ, ուղղված էին Ռուսաստանին, հասցեական էին՝ կապված ինչպես խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտի ադրբեջանական զինուժի անարգել ներխուժման հետ, բայց նաև տողատակերում՝ ՌԴ ՊՆ-ի հայտարարության, այդ հայտարարությունից հետո՝ գործնականում ադրբեջանցիներին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն ուղղված քայլերի պասսիվության կամ չգոյության հանգամանքի հետ։
Ադրբեջանական 5 առաջարկներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջոցով պատասխանելը նպատակ ունի խնդիրը պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Եվ ռուսաստանյան փորձագիտական որոշ շրջանակներից եկող դժգոհությունը՝ կապված Մինսկի խմբին այս գործընթացում ներառելու հետ, առավել քան արդիական են դարձնում դրա նպատակահարմարությունը։ Այդ փորձագիտական շրջանակների դժգոհությունը թերևս պայմանավորված է այն շարժառիթով, որ խնդրի մեջ ներառելով Մինսկի խմբին՝ հայկական կողմը գործընթացը տանում է միջազգայնացման ուղիով, ինչն ինքնստինքյան թուլացնում է տարածաշրջանում Ռուսաստանի դերը։ Թերևս ավելորդ է հիշեցնել, որ Մինսկի խմբի համանախագահ է նաև ՌԴ-ն, իսկ խնդիրը չի կարող նորից միջազգայնացվել մի պարզ պատճառով. այն վաղուց միջազգայնացվել հենց Մինսկի խմբի ստեղծմամբ։ Իսկ եթե, ըստ այդ տրամաբանության, Մինսկի խմբին դիմելը թուլացնում է տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը, ապա ստացվում է՝ ՌԴ դերը տարածաշրջանում թուլացած է եղել ՄԽ ստեղծման ժամանակներից։ Եվ անտրամաբանական է փորձագիտական շրջանակների դժգոհությունը, որ ՀՀ-ն իր անվտանգային շահերի սպասարկումով վտանգում է ՌԴ ազդեցությունը։ Ստացվում է՝ ՀՀ-ն պետք է թեկուզ իր անվտանգային շահերի ոտնահարման գնով կասկածի տակ չդնի ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում։
Միով բանիվ, ուղերձների հասցեագրումը Արևմուտքին նեդաշնակվում են այն քաղաքական իրողության հետ, որ տարածաշրջանում գոնե պետք է առկա լինի և աշխատի Մինսկի խումբը, որը թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի գործընթացային հարթակում համախմբել Ռուսաստանին և Արևմուտքին։ Մինսկի խմբի բացակայությամբ Հարավային Կովկասում մնում են Թուրքիան և Ռուսաստանը, ինչի աննպատակահարմարությունները և հնարավոր ռիսկերը ՀՀ-ի համար տեսանելի են ներկայումս ընթացող գործընթացներով։
Արտակ Խաչատրյան