Վերլուծություն

Հայաստանի ինքնիշխանությունը կարմիր գիծ է

Արդեն տևական ժամանակ է ինչ Հայաստանի քաղաքական դաշտում ու քաղաքագիտական շրջանակներում չեն դադարում Ռուսաստանի առաջնորդությամբ խորացված ինտեգրացիոն գործընթացների մասին զանազան խոսակցությունները։ Պայմանականորեն այդ գործընթացները անվանենք մեկ եզրույթով՝ Ռուս-Բելառուս Միութենական պետության նոր աստիճանի բարձրացում և դրան նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների միացում։ Եթե կարճ բացատրելու լինենք, թե ինչ է Միութենական պետությունը, պետք է ասենք, որ դա՝ տնտեսական, հարկային, մաքսային, վարչական, քաղաքական, անվտանգային և արդարադատական միասնական տարածություն ստեղծող և բարձր մակարդակի խորությամբ միավորում է։ Բովանդակային առումով՝ անգամ ինտեգրացիոն ուղությունների քանակից պարզ է դառնում, որ խոսքն իրականում, ոչ թե վերպետական՝ միութենական միավորման (պետությունների միավորման), այլ հենց նոր պետական միավորի կամ, եթե կուզեք, երկրորդ ռուսական կայսրության մասին է։ Միութենական պետությունը, եթե ոչ կարճաժամկետ, ապա առնվազն միջնաժակետ կտրվածքում պարզապես վերածվելու է մեկ կենտրոնից ղեկավարվող ունիտար միավորի, որն ամբողջությամբ կլանելու ու փաստացի խաղաղ անեքսիայի է ենթարկելու իր անդամներին։

Վերադառնալով այդ միավորի ստեղծման և դրան Հայաստանի անդամակցման շուրջ ներհայաստանյան միջավայրում անընդհատ ծավալվող խոսակցություններին՝ հարկ է նկատել, որ հետզհետե ի հայտ են գալիս ընդդիմադիր գործիչներ, որոնք ոչ միայն կողմ են արտահայտվում Հայաստանի ինտեգրմանը, այլև պատրաստակամություն են հայտնում լինելու դրա իրագործողը։ Խոսքը մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի մի շարք ներկայացուցիչների, ռուսաստանյան գործարար, Հայաստանում «հանրային գործունեության» հայտ ներկայացրած Ռուբեն Վարդանյանի, նրանց թիմակիցների ու նրանց հետ ասոցացվող փորձագետների, դասախոսների ու այլ հրապարակախոսների մասին է։ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն խոսել է Միութենական պետությանը միանալու օգտին, այլև անվանել դա տարածաշրջանում «գործոն» լինելու միակ տարբերակը։ Սակայն նախկին նախագահն արդեն ապրել է իր «աստեղային ժամը»՝ որպես «շարքային ընդիմադիր գործիչ», ուստի հազիվ թե երբևէ կարողանա կրկնել 2021թ. ընտրությունների արդյունքները։ Մասամբ դրանով էլ պետք է պայմանավորել նրա ու նրա թիմի՝ ավելի ու ավելի էպատաժային կեցվածքը։

Խնդիրը ավելի լուրջ է թվում Ռուբեն Վարդանյանի պարագայում, որը որպես Հայաստանի զարգացման հնարավոր տարբերակ է ներկայացրել Միութենական պետությանը անդամագրվելը։ Վերջինս քաղաքականություն է մտնում մեծ ֆինանսական կապիտալով, համեմատաբար դրական համբավով, ցուցադրված հաջող պատմություններով ու առկա իրավիճակին այլըտրանք ապահովելու խոստումով։ Այս ամենի համադրությունը կարող է մեծ քանակությամբ մարդկանց մոլորեցնել ու համախմբել նրա անձի շուրջ։ Սակայն դատելով Միութենական պետությանն անդամագրվելու և Թաթարստանի պես «հաջողակ» անկյուն դառնալու նրա զարգացումային պատկերացումից՝ նրա նպատակը հազիվ թե տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի ուղեգծից։ Այս երկու ուժերի խոսույթի վտանգավորության աստիճանը գիտակցելու համար հարկավոր է բանաձևել սցենարը, որի դեպքում միայն հնարավոր կլինի Հայաստանի ներգրավումը Միութենական պետության կազմում։

Միութենական պետության մեջ Հայաստանին ներքաշելը հնարավոր կլինի, եթե ստեղծվի համապատասխան արտաքին և, անպայմանորեն նաև, ներքին քաղաքական իրավիճակ։ Այս երկու բաղադրիչներից միայն մեկը դրա համար բավարար չի լինելու։ Արտաքին քաղաքական անգամ ամենալուրջ մարտահրավերները ու ճնշման գործիքներն առնվազն տեսականորեն հնարավոր է հաղթահարել, եթե ներքաղաքական հարցերում կա կարմիր գիծ՝ ինքնիշխանության կարմիր գիծը։ Ի վերջո, հիմա 1930-ականները չեն, որ ուժեղ հարևանը պարզապես վերցնի ու խժռի թույլ հարևանին՝ կարողանալով դա մարսել։ Դրա համար հարկավոր է «մի քիչ նախապատմություն» և ինտեգրմանն ուղղված որոշակի ներքաղաքական աջակցություն, ընդհուպ մինչև՝ ներքաղաքական կոնկրետ աջակցություն։ Եվ, ուրեմն, առանց ներքաղաքական համապատասխան դրվածքի, դեռևս Միութենական պետության տեսլականին և պետության անկախությունը պահպանելու հնարավորությունները դեռևս սպառված չեն։ Այս ամենի տրամաբանական եզրակացությունը հետևյալն է՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցությանը կողմ արտահայտվողները ոչ միայն կողմ են Հայաստանի անկախության վերացմանը, այլև դրա համար անհրաժեշտ գործնական պայմաններ են ստեղծում, իսկ գործունեություն ծավալելով այդ ուղղությամբ, պայքարում են պետության գոյության դեմ։

Արեգ Քոչինյան