Վերլուծություն

Ռուսաստանին Հվ. Կովկասում անկայուն իրավիճակ դեռ պետք չէ

Արցախում վերջին օրերի ընթացքում կատարվող իրադարձությունները սահմանային շարքային միջադեպեր չեն։ Ռազմական և քաղաքական իմաստով դրանք հանգեցնում են 2020թ. սեպտեմբերյան պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոյի փոփոխության։ Տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առումով դա բերում է նոր կերպափոխումների։ Այդ առումով դիտարկելի է տարածաշրջանում Ռուսաստանի դերի և նշանակության վերափոխման փաստը։ 

Հարավային Կովկասն ավանդականորեն ընկալվել է Ռուսաստանի ազդեցության գոտի։ 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասի նկատմամբ շարունակում էր կիրառվել «հետխորհրդային» բնորոշումը, ինչը ենթադրում էր ռուսաստանյան ազդեցության որոշակի նշանային իմաստաբանություն։ 2020թ. պատերազմը փոխեց Հարավային Կովկասի վերաբերյալ խոսույթն աշխարհում։ Հարավային Կովկասը դադարում է լինել հետխորհրդային. արդեն խոսվում է այն մասին, որ փոխվում է կոնֆիգուրացիան։ Ավելին՝ անգամ էականորեն ավելացել են այն վերլուծությունները, որտեղ Հարավային Կովկասը ընկալվում է որպես մերձավորարևելյան տարածաշրջանի մի մաս։ Այս համատեքստում Արցախում ադրբեջանական կողմի գործողություններին և հռետորաբանությանը ՌԴ-ի արձագանքը կարող է մատնել վերջինիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առաջնահերթությունների մոտավոր պատկերը։ Այն է՝ Արցախն ամենաառաջնային տեղը չի զբաղեցնում ռուսաստանյան արտաքին քաղաքական առաջնահերթություններում։ ՌԴ ՊՆ հայտարարությունն ավելի շատ արձագանքող էր, քան նախաձեռնողական բնույթի։ Հատկանշական է, որ մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկները՝ ԱՄՆ և Ֆրանսիան, արդեն իսկ գնահատել էին Ադրբեջանի գործողությունները, ինչին միայն հետևեց ՌԴ արձագանքը։ Իսկ վերջինս, իր հերթին, միանշանակ չէր և իրականության ու հայտարարության միջև տարընթերցումային տեղիք էր թողնում։  ՌԴ արձագանքն ավելի շատ ժամանակ շահելու տպավորություն է թողնում, քանզի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի սպասարկմանն են ուղղված։ Ըստ էության, Ռուսաստանը չի հաշտվում կայսերական անցյալի կորստի հետ և փափուկ, անհրաժեշտության դեպքում՝ նաև կոշտ ուժի միջոցով փորձում է կանխել ՌԴ-ի՝ «Մոսկովիայի» վերածվելը, ինչպես ձևակերպել էր Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Սոկուրովի հետ զրույցի ընթացքում։

Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՌԴ-ն գոնե Հարավային Կովկասում խուսանավողական քաղաքականություն է տանում՝ տեղի խնդիրները հետաձգելով մինչև ուկրաինական ճակատում գործերի կարգավորումը։ Ադրբեջանի ՊՆ պատասխան հայտարարությունը, իր հերթին, կարելի է համարել աննախադեպ՝ բառապաշարի ու ձևակերպումների և ընդհանրապես կոշտ շեշտադրումների առումով։ Իհարկե, Մոսկվայում և ոչ միայն, հասկանում են, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության պատասխանի հետևում Թուրքիայի հետքն է նշմարվում։ Դա էլ պայմանավորում է ՌԴ հանդուրժողական վերաբերմունքն այդ պատասխանին։ Ընդհանրապես, ինչպես Ուկրաինայում, այդպես էլ Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականությունը լայն համապատկերում մրցակցություն է Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Հետխորհրդային առավել լայն համապատկերի դիտարկման դեպքում ՌԴ-ի և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դիմակայության առանցքում նույնիսկ Արցախը չի, այլ Վրաստանը և Ուկրաինան, քանզի երկու պերիֆերիան միշտ էլ կարևորել է ռուսական ինքնության կողմից։ Ըստ էության, դա զգայական (sensitive) դրսևորում է. Թբիլիսն ռուսական կայսերական սիմվոլիկայի համար Հարավային Կովկասի Վլադիկավկազն է։ Ռուսաստանյան քաղաքական վերնախավը Թբիլիսին դարձրեց Կովկասի փոխարքայության կենտրոն, և այն դիրքավորեց որպես ռուսաստանյան քաղաքական ու կայսերական ինքնության կարևորագույն առանցքներից մեկը։  

Եվ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն Արցախում, փաստորեն, արձագանք է կայսերական նկրտումներում ՌԴ-ի զգայունակությանը։ Բաքուն փորձում է պատերազմի մեջ գտնվող և «Մոսկովիայի» չվերածվելու բարդույթների պատճառով ՌԴ քաղաքականության՝ երբեմն ոչ ճիշտ հաշվարկված քայլերի արդյունքում ձևավորված ընդհանուր քաղաքական խճանկարում առավել շահեկան դիրքավորում ստանալ։ Առավել ևս, երբ Ուկրաինայում ձեռքերն ազատելուց հետ Ռուսաստանը հնարավոր է վերանայի Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախում, առկա ռազմաքաղաքական իրավիճակը՝ համապատասխան իր կենսական շահերին։ Այդ հանգամանքը կարող է բերել որոշակի քաղաքական, ռազմական, հաղորդակցային շտկումների, ինչը ամենևին էլ պարտադիր չէ, որ համընկնի Ադրբեջանի շահերին։ Վերջինս, հետևաբար, փորձում է առավելագույնս պոկել ստեղծված իրավիճակից՝ նոր իրավիճակը համեմատաբար հարմար դիրքում դիմավորելու համար։ 

 

Արտակ Խաչատրյան