Վերլուծություն

Եթե ժպտում ես, ուրեմն դավաճա՞ն ես

Անթալիայում դիվանագիտական ֆորումի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հանդիպման մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկություններ հայտնեց ինքը՝ Արարատ Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշեց. «Մեվլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ…»։ 

Թվում էր՝ առաջին հայացքից պաշտոնական, ընդհանրական այս տեղեկատվությունը պետք է առիթ տար նիստին ներկա պատգամավորներին՝ փորձելու բացել ասելիքը, փորձել, միաժամանակ դիվանագիտական ընթացիկ բանակցություններին վերաբերող գաղտնիության հիմնարար էթիկան պահպանելով, հնարավորինս մանրամասնություններ քաղել։ Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունները, դրանց վերականգնման, հնարավոր երկխոսության փորձն՝ ընդհանրապես, ներկա աշխարհաքաղաքական վերափոխումների ետնախորքում նվազ կարևորություն չունեն։ Սակայն, «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրում էր բոլորովին այլ բան՝ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանի ժպիտը։ ԱԳ նախարարը «համարձակվել» էր ձեռքսեղմման արարողակարգի ժամանակ, ելնելով դիվանագիտական վարքականոնից, փոխադարձաբար ժպտալ՝ տեսախցիկների համար դիրքավորվելիս։ Եվ, չնայած, Արարատ Միրզոյանը, հենց առաջին հարցին պատասխանելուց, անդրադարձավ ժպտալու թեմային, սակայն նույն հարցը երկրորդվեց, երրորդվեց, չորրորդվեց։

Պատգամավորների՝ նման հետևողական հարցապնդումները բազմաշերտ հարցեր են առաջացնում։ Նախ, դժվար է պատկերացնել, որ պատգամավորները, որոնց մեջ քիչ չեն երկար տարիների քաղաքական փորձառություն ունեցողները, չգիտեն դիվանագիտական արարողակարգը և վարքականոնը։ Ընդդիմադիր վերոնշյալ խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ Քի Վեսթում՝ Հեյդար Ալիևի հետ սեղանի շուրջ անբռնազբոս նստած և ծիծաղող լուսանկարը հասանելի է համացանցում։ 

Մեկ այլ փաստական վավերագիր է երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի ժպիտների և ծիծաղի նկարը՝ համատեղ ֆուտբոլ դիտելիս։ Իհարկե, նախկին երկու նախագահների ժպիտները և ծիծաղը դատապարտելի չեն և տեղավորվում են դիվանագիտական ձևականությունների տրամաբանության շրջանակներում, ինչպես որ՝ Արարատ Միրզոյանի ժպիտը։ Կարո՞ղ ենք առաջ քաշել հաջորդ հարցադրումը, որ, միգուցե, նման ոճի հարցեր բարձրացնելով՝ ընդդիմադիր պատգամավորները փորձում են դիստանցավորվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ պրոցեսներից։ Իսկ, գուցե, կարող ենք մտածել, որ իշխող քաղաքական ուժին մանիպուլյացիաների և պոպուլիզմի մեջ շարունակաբար մեղադրող ընդդիմադիրները հենց իրե՞նք են պոպուլիստական հնարքների դիմում՝ վկայաբերելով այն պնդումը, որ այդ ժպիտը վիրավորանք է՝ պատերազմում որդեկորույս ծնողների նկատմամբ։ Նույն տրամաբանությամբ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկացած պաշտոնյայի հետ ժամանակին ձեռքսեղմում արած Հայաստանի նախագահներն ու նրանց թիմակիցները ուրացել են 1894-96թթ. ջարդերի, 1915թ. Ցեղասպանության, 1988թ. Սումգայիթի, Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան քառօրյայի նահատակներին։

Ըստ էության, բացի էմոցիոնալ պոպուլիզմից, նմանատիպ հարցադրումները կենցաղային մակարդակի են իջեցնում դիվանագիտական էթիկայի վերաբերյալ պատկերացումները։ Մինչդեռ, տեսախցիկների առաջ պետական պաշտոնյաների պահվածքը կարող է նույնիսկ ոչ խոսքային ուղերձներ պարունակել։ Ձեռքսեղմման ժամանակ ժպիտների փոխանակումը նաև ցուցիչ է նրա, որ պաշտոնյաները անկաշկանդ են ու վստահ։ Այդտեղ կարևոր է առկա խնդիրները, դժգոհությունները ձևակերպել դիվանագիտական խոսույթով, ձևակերպումներով, ոչ թե ժպիտի առկայությամբ կամ բացակայությամբ։ Սակայն, արդյո՞ք ընդդիմությունն ի վիճակի եղավ, բացի ժպիտների շահարկումը, որևէ օգտակար տեղեկություն քաղել ինչպես իր, այնպես էլ՝ հանրության համար։

Արտակ Խաչատրյան