Վերլուծություն

Նախկին նախագահների «խորը հարգանքը» պետական ինստիտուտների նկատմամբ

Կիրակի օրը տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։ Դրան, սակայն, չմասնակցեցին ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլև նախկին չորս նախագահները։ Ավելին՝ անգամ հրապարակավ շնորհավորանք չհնչեց նրանց կողմից։

Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվեց, ըստ էության, սահմանադրական նորմերի ամբողջական պահպանմամբ։ Ավելին՝ նրան ընտրած խորհրդարանը օրինակարգության և օրինականության առումով թերևս որևէ կասկած չի հարուցում ներքին ու արտաքին միջավայրերում։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Հայաստանի 5-րդ նախագահի ընտրությունը լիովին համապատասխանել է ՀՀ Սահմանադրության և օրենքի տառին, կատարվել է նույնպիսի ուժով օժտված խորհրդարանի կողմից, այլ կերպ ասած՝ նախագահը լեգիտիմ է, և նրա ընտրության վերաբերյալ որևէ կասկած չկա ո՛չ քաղաքականապես, ո՛չ էլ անձնապես՝ նկատի ունենալով, օրինակ, կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածությունը և այլն։ 

Եվ ահա այսպիսի պայմաններում արտառոց է նախկին նախագահների ու ընդդիմության վարքը։ Ինչո՞ւ է ընդդիմությունը բոյկոտում պետության գլխի ընտրությունն ու երդմնակալությունը, եթե նա հանցագործ չէ կամ չի ընտրվել ապօրինաբար։ Արդյո՞ք ընդդիմությունը չի դիտարկում տարբերակ, որ երկրում ներքաղաքական ճգնաժամի պայմաններում նախագահը կարող է կամուրջ լինել քաղաքական տարբեր խմբավորումների միջև և նպաստել ճգնաժամային իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը։ Եվ սա էլ այն դեպքում, որ երբ այս ընդդիմությունը իշխանության էր, ի՛նքն էր նման հորդորներ հղում իր ժամանակի ընդդիմությանը և կոչ անում հարգել պետական ինստիտուտները։ 

Նույնը վերաբերում է նաև ՀՀ նախկին նախագահներին։ Երբ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում էր մասնակցել նախագահական երդմնակալության արարողություններին և պետական միջոցառումներին, դա կարելի էր բացատրել իշխանության լեգիտիմության բացակայությամբ և ապօրինությամբ։ Երբ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանն իրենց շրջապատների և ազդեցության քարոզչամիջոցների միջոցով դժգոհում էին, որ քաղաքական ընդդիմությունն իրենց ընդառաջ չի գնում անգամ նման հարցերում, ու դա համարում էին «ապապետական» գործունեություն, ապա հիմա ի՞նչ հաշիվ կարող են տալ իրենք իրենց՝ նույնպիսի «ապապետական» վարք ցուցաբերելու համար։ 

Աշխարհի հաջողակ պետությունները առաջին հերթին կայացել են ոչ այնքան կատարյալ ու լավագույն օրենքների ու սահմանադրությունների շնորհիվ, որքան դրանց նկատմամբ հարգանքի ու ենթարկվածության ավանդույթների։ Այդ ավանդույթները վերաբերում են նաև պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքին ու, ըստ կարգավիճակի, այդ հարգանքը ձևավորելուն։ 1991թ. հետո Հայաստանն առաջին անգամ նախագահ ունի, որի լեգիտիմությունը որևէ կերպ կասկածի տակ չէ։ Եվ փոխանակ այս ժողովրդավարական ձեռքբերումը հարգելու, այդ բարձր պաշտոնը զբաղեցրած գործիչներից յուրաքանչյուրն իր սեփական անձնական դրադապատճառներով արհամարհում է պետական ինստիտուտի նկատմամբ հարգանք ձևավորելու ավանդույթը։ 

Ով-ով, սակայն նախագահի բարձր պաշտոնը զբաղեցրած գործիչները պետք է, որ քաջ գիտակցեին, թե իրե՛նք իրենց ժամանակին ինչքան անհաճո իրավիճակում էին հայտնվում, երբ քաղաքական հակառակորդներն իրենց հանդեպ այսպես էին վարվում, ինչպես նաև երկիրն ինչքան էր տուժում այդ պառակտվածությունից։ Եվ ահա հիմա, երբ նշյալ գործիչները, մեծ հաշվով, բացի ավանդույթներ սահմանելուց կամ դրանք զարգացնելուց այլ կերպ չեն մասնակցում երկրի քաղաքական կյանքին, հրաժարվում են անգամ այդ պատասխանատվությունից։ Բայց մի՞թե Հայաստանն այսօր այն օրում է, որ նախկինում պետությունը ղեկավարած անհատները պետք է մտածեն անձնական համակրությունների և հակակրությունների մասին։ Իսկ պետությո՞ւնը, թե՞ այն այլևս ոչ ոքի պետք չէ։