Վերլուծություն

Ինքնախաբեության զոհերը. Վրաստան, Հայաստան, Ուկրաինա

Յուրաքանչյուր պետության քաղաքական վերնախավի պարտականությունն է ապահովել ժողովրդի ու պետության ֆիզիկական անվտանգությունը, և պատասխանատվությունն է՝ պատշաճորեն արձագանքել մարտահրավերներին, ճիշտ գնահատել իրավիճակը և իրողություններից բխող որոշումներ կայացնել։ Այդ համատեքստում թերևս ամենակարևորը պատերազմի հարցն է, հատկապես՝ հակամարտություն ունեցող պետությունների համար։ Այս առումով Վրաստանը, Հայաստանն ու Ուկրաինան մի զամբյուղում են՝ նկատի ունենալով սառը/տաք հակամարտություն ունենալու հանգամանքը ուժային տեսանկյունից իրենց գերազանցող հարևանի հետ։ 

Այս երեք պետությունները, սակայն, անկարող եղան խուսափելու պատերազմներից, որոնք ոչ միայն հանգեցրին տարածքային կորուստների, այլև ցնցեցին պետության հիմքերն ու սոցիալական կառուցակարգերը։ Վրաստանը ժամանակին այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ արևմուտքը, որքան էլ 2007թ. սկսած Ռուսաստանի հետ դիմակայության ռելսերին անցավ, ի վիճակի չէ առարկայական օգնություն ցուցաբերել ռուսական հրանոթների դեմ։ Սաակաշվիլին վրիպեց՝ թերագնահատելով ռուսական վտանգը և գերագնահատեց արևմուտքի՝ «վրացական ժողովրդի կողքին» լինելու մասին սիրատոչոր սիմֆոնիան։ Սակայն Վրաստանում նրա իրականացրած ֆունդամենտալ բարեփոխումները, որոնք առնվազն ինստիտուցիոնալ մակարդակում անշրջելի դարձրին երկրի պոկումն «արևելքից» (հյուսիսից), որոշակիորեն կոմպենսացրին տարածքային խոշոր կորուստները և ռուսական զինական ներկայությունը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հայաստանն իր հերթին միամտություն ունեցավ կարծելու, թե ստատուս-քվոյի պահպանությունը բխում է Ռուսաստանի շահերից և անշրջելի է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը տարածաշրջանում է։ Բայց հայ քաղաքական միտքը խոշորապես վրիպեց՝ չնկատելով, որ ստատուս-քվոն՝ իբրև երևույթ, որևէ պահի ռազմա-քաղաքական իրողության արտահայտությունն է և վերջինի փոփոխությունն ինքնըստինքյան կարող է բերել նաև ստատուս-քվոյի փոփոխության։ Այլ կերպ ասած՝ երբ արդեն տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվել էր, ստատուս-քվոն պետք է փոխվեր դրան համապատասխան։ 2014-2015թթ. սկսած՝ Հայաստանի քաղաքական էլիտան ի վիճակի չեղավ որսալու, որ Ռուսաստանն այլևս չի պատրաստվում քաղաքական կապիտալ ծախսել պատերազմ թույլ չտալու վրա։ Ավելին՝ իր մերձավորարևելյան և արևելաեվրոպական քաղաքականությունը սկսում է շարադրել ոչ թե պատերազմը կանխելու, այլ պատերազմի հետևանքով ձևավորվելիք նոր իրողություններն իր շահերին հարմարեցնելու վրա։ Հայաստանի ղեկավարության պնդումները, թե Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա, ինքնախաբեության հետևանք էին, սեփական ջերմոցը ստեղծելու և դրանից դուրս աշխարհն ու փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրը անտեսելու արդյունք։ Վերջապես, Ռուսատսանը պարզ ու անգամ առանց դիվանագիտական կոկետության խոսում էր հակամարտության կարգավորման մասին, անգամ հանդես գալիս որպես առարկայական բանակցությունների լոկոմոտիվ։ 

Մի ինքնախաբեություն էլ տեղի ունեցավ Ուկրաինայի պարագայում, երբ արևմուտքը հստակ հայտարարում էր, որ Ուկրաինային դեռ չի տեսնում ՆԱՏՕ-ում, իսկ ռազմական ուժեր էլ չի ուղարկելու ռուսական բանակների դեմ կռվելու։ Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ հայտարարում էր, որ իր երկիրը մենակ է մնացել Ռուսաստանի դեմ պատերազմում և խնդրում էր արևմուտքի օգնությունը։ Սակայն թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ ԱՄՆ-ն հրապարակային կերպով երբևէ չեն հայտարարել Ուկրաինայի հետ ռուսական բանակների դեմ կռվելու մասին։ Ավելին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ 2 շաբաթ առաջ էր անթաքույց նշում, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինելու, իսկ Ուկրաինան ՆԱՏՕ-ին դեռ չի անդամագրվելու։ Բայց և այնպես, Ուկրաինան (ինչպիսի ծանոթ իրավիճակ) համառորեն ականջալուր չէր լինում դաշնակիցների խոսքին և չփորձեց իր հարցերը լուծել Ռուսաստանի հետ։ Անկախ պատերազմի ելքից՝ Ուկրաինան խոշորագույն ավերածությունների է ենթարկվել և նախապատերազմական վիճակին վերադառնալը տասնամյակներ կպահանջի ոչ միայն ռազմապես, այլև տնտեսապես, ու հատկապես՝ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առումով։ 

3 դեպքում էլ, ըստ այդմ, Ռուսաստանն ու Արևմուտքը հավասարապես անկեղծ ու ազնիվ են եղել։ Արևմուտքը բացեիբաց ասում էր, որ ռազմական ուղիղ օգնություն ցուցաբերել չի կարող, անվտանգության երաշխիքներ գործնականում տալ չի կարող, բացի տնտեսական պատժամիջոցներից, ֆինանսական աջակցությունից և տվյալ ժողովուրդների համար անկեղծ ցավալուց ու վշտակցելուց։ Ռուսաստանն էլ թափանցիկ կերպով հայտարարում էր իր ծրագրերի և ցանկությունների մասին, որոնք գուցե այս պետությունների քիմքին հաճելի չէին, սակայն իրողություններ էին, դրանց հետ հաշվի չնստելու դեպքում՝ սպառնալից իրողություններ։ Եվ այստեղ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այդպիսի այլ վեհ երևույթների մասին պետք չէ խոսել. միջազգային իրավունքը մեծ պետությունների խաղալիքն է։ Ինչպես Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան չեն կարող աշխարհագրական առումով տեղափոխվել մոլորակի այլ՝ ավելի հարմար մի անկյուն, այնպես էլ չեն կարող փոխել Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները կամ էականորեն ազդել դրանց վրա։ Հետևաբար, միակ ռացիոնալ տարբերակը դրանց հետ հաշվի նստելն է։ Հաշվի նստել, ոչ թե, որ ներդաշնակում ես դրանց կամ դրանք այս ժողովուրդների ազգային իղձերն են, այլ սոսկ նրա համար, որ դրանք փաստ են և ուղիղ ազդեցություն ունեն նշյալ պետությունների տնտեսական, քաղաքական, անվտանգային հարցերի վրա. հաճախ նույնիսկ՝ գոյաբանական ազդեցություն։ 

Որքան էլ արևմուտքը կամ որևէ այլ արտաքին ուժային կենտրոն փորձի Կովկասյան տարածաշրջանում դերակատարություն ստանձնել, դրա առարկայական դրսևորումները դեռ միանգամից տեղի չեն ունենալու՝ անկախ ելքից, մինչդեռ Ռուսաստանի շահը հիմա է և այստեղ։ Եվ մեծ ու փոքր պետությունների խաղը հենց այն է, որ իրենց դիրքը ճշգրտեն՝ ըստ մեծերի ծրագրերի ու քաղաքականության։ 

Սա գուցե տխուր ու ցավոտ արձանագրում է՝ փոքր պետությունների ազգային ինքնությունը խոցող, սակայն գետնի վրա առկա իրողությունն է՝ անկախ հաճելի կամ անհաճո լինելուց։ Այս տարածաշրջանից Ռուսաստանը չի գնալու այնպես, ինչպես և նշյալ երեք հանրապետությունները։ Աշխարհագրությունը պարտադրում է հաշվի նստել պետության սահմանների, դիրքի, հարևանների, ռեսուրսների ու հնարավորությունների հետ՝ ընդունելով դրանք իբրև փաստ և դրանից ելնելով քաղաքականություն մշակել՝ մեղմելու համար ցավոտ մարտահրավերները և ապահովելու բարեկեցությունն ու անվտանգությունը։ Քանի դեռ այս պետությունների էլիտաները խնդիր կունենան իրողությունների հետ հաշվի նստելու և իրավիճակում հնարավորությունների առավելագույնը քաղելու պարզ գիտակցության հետ, որ իրենց խնդիրները հենց իրենցն են ու լուծվելու են բացառապես սեփական ուժերի ներածին չափով, ինքնախաբեության թակարդից դուրս գալը անհնարին կլինի։

 

Նկարում՝ Գանձակի ճակատամարտը 1826թ., 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, որն ավարտվեց Թուրքմենչայի պայմանագրի կնքմամբ և Անդրկովկասն ամբողջությամբ անցավ Ռուսաստանի տիրապետության տակ։