Հայաստանը պաշտոնապես չի արձագանքել արդեն երկու օր շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Միայն ռազմական գործողությունների առաջին օրը ՀՀ ԱԳՆ-ն իրազեկեց, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։
Ի հակառակ այս թեմայի շուրջ սոցցանցերում տիրող մեծ ակտիվության՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ բացարձակ չեզոքություն դրսևորի։ Մանավանդ, երբ, ինչպես ցույց է տվել ժամանակը, «մեծ շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդները շահելու բան չունեն։ Իսկ փոքր ժողովուրդների շահը այն է, որ այդ մղձավանջից դուրս գան փոքր կորուստներով»։
Արևմուտքի համար հետխորհրդային հանրապետությունները որևէ լուրջ արժեք չունեն ու չեն ունեցել։ Ամիսներ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ ուշագրավ հայտարարություն էր արել. «Արևմուտքի համար հետխորհրդային երկրներն արժեք ունեն միայն այնքանով, թե որքանով խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի համար»։
Այսօր Ուկրաինայի, ավելի վաղ՝ 2008թ․-ին Վրաստանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հենց այդ մասին են վկայում։ 2008թ․-ին էլ՝ Արևմուտքը ռուս-վրացական հակամարտության ժամանակ որևէ առարկայական օգնություն չցուցաբերեց՝ բավարարվելով հայտարարություններով, իսկ երբ արդեն ստիպված էր՝ անցավ տնտեսական պատժամիջոցների։
Նույնկերպ՝ Արևմուտքը որևէ ռազմական միջամտություն չի ցուցաբերելու հիմա. արդեն եղել են հստակ հայտարարություններ, որ իրենք չեն պատերազմի Ռուսաստանի դեմ և կբավարարվեն տնտեսական պատժամիջոցներով։
Ի դեպ, Վրաստանի հետ կապված մեկ օրինակ էլ. այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է հայտարարել, թե չեն ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, քանի որ դա է պահանջում իրենց երկրի շահը։
Այնպես որ, Հայաստանն էլ իր հերթին պետք է սեփական շահը հետապնդի աշխարհաքաղաքական խաղերի մեծ հորձանուտում։
Արման Գալոյան