Վերլուծություն

Պուտինը՝ Հաննիբալի անհույս աշակերտ կամ «եվրոպական Իրանի» առասպելը

Մինչև ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը, երբ կողմերը հիբրիդային տեղեկատվական պատերազմով էին զբաղված՝ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին իր պահանջներ էր ներկայացում, իսկ Ուկրաինան՝ հրաժարվում Մինսկյան բանակցություններից, մի հետաքրքրական, կարելի է ասել՝ մարգարեական, ելույթ տեղի ունեցավ։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալով, հայտարարեց, որ «եթե Ռուսաստանը փորձի մեզ բաժանել, գործնականում կտեսնի հակառակը՝ էլ ավելի միավորված դաշինք: Իսկ եթե ուզում է դաշինքի ավելի փոքր ներկայություն իր սահմանների մոտ, ապա կստանա դրա հակառակը՝ ավելի շատ ՆԱՏՕ»։ 

Անկախ այն հանգամանքից՝ ռուսական զորքերը իրենց բլից-կրիգի շրջանակներում կհասնեն Կիև կամ, նույնիսկ, Վարշավա, անկախ նրանից՝ պատերազմը 1 օր կտևի, թե 44, անկախ զոհերից, տուժածներից, գերիներից, հրթիռներից ու պատմական արդարությունը վերականգնելուց՝ Վլադիմիր Պուտինը պարտվել է իր հաղթանակած ճակատամարտում։ Եվ ճակատամարտը ոչ ամենևին Ուկրաինայի դեմ։ Պուտինն ու իր գլխավորած էլիտան պարտվում է Արևմուտքի հետ պատերազմում՝ հենց ռազմավարական մտածողության շրջանակներում։ Մտածողություն, որ ժամանակին կործանեց Ռուսաստանի վրա հարձակված Նապոլեոնին, Մեծ Բրիտանիայի վրա հարձակված Հիտլերին և Հռոմի վրա հարձակված Հաննիբալին։ 

Հին աշխարհի մեծագույն զորավար կարթագենացի Հաննիբալը, որը նաև հայոց Արտաշատ մայրաքաղաքի ռազմավարական գծագիրն էր պատրաստել, լինելով հելլենական կրթության սան ու հունական ռազմական մտքի կրող՝ հավատում էր, որ թշնամուն կարելի է ենթարկեցնել՝ ճակատամարտեր հաղթելով և բերելով բանակցային սեղանի շուրջ։ Կարթագենացին հավատացած էր, որ, անցնելով Իսպանիան և շվեյցարական սառցակալած լեռները, անցնելով Պո գետի հովիտն ու հասնելով հարավային Իտալիա, ինքը կհարկադրի հռոմեացիներին՝ ենթարկվել իրեն, և կհարկադրի իր անվերապահ ճակատամարտային ջախջախումներով։ Սակայն Հաննիբալի մեծագույն թերացումը պատերազմի՝ որպես քաղաքական իրադարձության ու քաղաքական ռազմավարության, չընկալումն էր։ Հաննիբալը չէր հասկանում հռոմեացիներին, հռոմեական պետության էությունն ու հռոմեացիների բնավորությունը։ Հաննիբալը չէր հասկանում, որ Հռոմին կարելի է ծնկի բերել ոչ թե ճակատամարտերով, այլ իրենց համակարգը, պետությունը ջախջախելով, և միայն դրանից հետո նրանք կնստեն բանակցային սեղանին։ 

Այս պարագայում Պուտինը, Ուկրաինայի դեմ պատերազմելով, իր փոքր ճակատամարտերով փորձում է ՆԱՏՕ-ին և Արևմուտքին հարկադրել՝ գալ բանակցությունների, սակայն արդյունքում կորցնում է թե՛ Ուկրաինան, որպես բուֆերային զոնա, թե՛ ի ցույց դնում իր ռազմավարական պլանավորման կարճատեսությունը։ Ինչպես Ստոլտենբերգն է ասում՝ թեկուզ և Պուտինը հասնի Ուկրաինայի արևմտյան սահման կամ լեհական մատույցներին, նա կստանա ավելի շատ ՆԱՏՕ։ Պատերազմի արդյունքում ՆԱՏՕ-ի անդամ ու ՌԴ հարևան երկրները միայն կտասնապատկեն իրենց ռազմական բյուջեները, ավելի շուտ կընկնեն ՆԱՏՕ-ի գիրկը։ Ֆինլանդիայի հայտարարությունները դրա լավագույն վկայությունն են։ Հաղթելով ուկրաինական ճակատամարտում՝ Պուտինը կմեկուսացվի Արևմտյան աշխարհի համակարգից և կշարունակի իր գոյությունը՝ «եվրոպական Իրան» մոդելով։ Հաղթելով ուկրաինական ճակատամարտի կարճատև հեռանկարում՝ նա պարտվում է Արևմուտք-Ռուսաստան պատերազմի երկարատև պարտիայում։ Ռուսաստանը ժամանակի հետ կմեկուսացվի եվրոպական ու ամերիկյան բարձր տեխնոլոգիաներից, ֆինանսական աղբյուրներից, կստիպի եվրոպացիներին՝ էներգիայի այլընտրանքներ հայթայթել (բարև՝ Իրան-Արևմուտք գործարք, արաբական գազ ու նավթ, բարև՝ 2 մլրդ դոլարի ներդրում Ադրբեջան)։ 

Պուտինն իր աշխարհընկալմամբ թաղում է Ռուսաստանը հավերժական հետընթացի, չհասկացված օտարի ու թշնամու կաղապարում։ Հաննիբալը կարծում էր, որ հաղթանակներով կվախեցնի ու կհնազանդեցնի հռոմեացիներին, այնինչ հռոմեական պետությունը պարզապես ոչնչացրեց ոչ թե Հաննիբալին, այլ նրա պետությունը՝ Կարթագենը, զրկեց նրան մատակարումներից, պարենից, ռեսուրսներից և վերջում ուղղակի քաշեց ձգանը։ 

Պուտինյան Ռուսաստանը, ուրեմն, դատապարտված է Հաննիբալի ճակատագրին, դատապարտված է հաղթել մանր ճակատամարտերը՝ պարտվելով պատերազմը, և այդպես էլ չհասկանալով, թե որն էր իր սխալը։ Իսկ սխալը ռազմավարական մտածողությունը մարտավարականով փոխարինելու մեջ էր, այսրոպեական շահով երկարատև քաղցկեղ ձեռքբերելու մեջ։ 

Սխալն, ուրեմն, հենց Հաննիբալ լինելն էր, ու պարտվելը հռոմեական համբերությանն ու հետևողականությանը։

Մաքսիմուս Խոստովանող