Օրերս ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ «Միութենական պետությանը կարող են միանալ Ղրղզստանը, Հայաստանը, որոնք գիտակցում են, որ չունեն բավարար անվտանգություն՝ սեփական գոյության համար»։ Մինչ այդ էլ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էր հայտարարել, որ «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։
Ռուս-բելառուսական միութենական պետությունն, ըստ էության, ՍՍՀՄ-ի ռեաինկարնացիայի փորձն է, և, ինչպես դասականն է ասում, պատմությունն առաջին անգամ տեղի է ունենում որպես տրագեդիա, երկրորդ անգամ՝ որպես ֆարս, իսկ երրորդ անգամ՝ հատուկ տհասների համար։ Եվ ուրեմն, նոր «ՍՍՀՄ 2.0» պրոյեկտը, որն այնքան փափագում է Վլադիմիր Պուտինը, այն Պուտինը, ով ՍՍՀՄ փլուզումը համարում է 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը, թվում է, վճռական փուլ է մտել։ Եվ, Լուկաշենկոյի բռնապետական ռեժիմի «կլանումից» հետո, հիմա հասունանում է միութենական ճամբարում ժողովել նաև ՍՍՀՄ կապանքներից ազատված մյուս մասնակիցներին՝ Հայաստանին ու Ղրղզստանին։ Այս համատեքստում՝ արդյո՞ք Ղազախստանն ու մյուսները կարող են հետաձգել իրենց հերթը։
Սրանք, իհարկե, Հայաստանի դաշնակցի ու ռազմաքաղաքական գործընկերոջ մոտեցումներն են, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը, և ի՞նչ է տալու Հայաստանին միութենական պետությունն ու դրա կազմում մեր հնարավոր ներկայությունը։ Այդ օգուտների երևակայական տրցակում մի հստակ հարց կա՝ սուվերենության կորուստ՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյուններից։ Հայաստանը կվերադառնա ՀՍՍՀ կարգավիճակին, կզրկվի միջազգային կառույցներում և միջազգային գործընկերների կողմից որևէ ֆորմատի ու բովանդակության աջակցությունից, կդառնա պարզապես ռուս-բելառուսական սիտուատիվ դաշինքի «կրտսերը»։ Իսկ թե այդ կրտսերի շահերը որքանով կարող են պաշտպանվել դաշինքում, բավականին մշուշոտ են և թեական։
Թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը Արևմուտքի և ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների տակ են և դեռ երկար են ապրելու այդ ռեժիմով։ Եվ եթե Ռուսաստանն իր այդ կարգավիճակը կոմպենսացնում է նավթից ու գազից ստացված եկամուտներով ու մի փոքր «կալորիա» էլ առանձնացնում Բելառուսի համար, ապա Հայաստանին այս պարագայում նույնիսկ փշրանքներ կարող են չհասնել։ Հայաստանին սպառնում է տարօրինակ հեռանկար՝ լինել դաշինքի հետնապահը, լինել Ադրբեջանին պատերազմական հաղթանակի համար շնորհավորող Բելառուսի հետ՝ մեկ պետական կազմավորման մեջ, լինել մի միության մեջ, որը թե՛ գաղափարական, թե՛ մշակութային առումով աններդաշնակ ու խորթ է Հայաստանի պահանջներին ու աշխարհայացքին։ Զիջել սուվերենությունը, քաղաքական ու տնտեսական անկախությունը, բյուրոկրատական ինքնավարությունը, ու դրա դիմաց ի՞նչ ստանալ։
Հայաստանը տասնամյակներ է զոհել ժողովրդավարության բնագավառում առաջընթաց արձանագրելու համար և ներկայումս վայելում է ներքին՝ անհատական, խոսքի, մտքի ազատություններ, որոնց ճակատագիրը կասկածի տակ կլինի ժողովրդավարությամբ չփայլող միության մեջ։ Դառնալով միութենական պետության մաս, որի բոլոր խաղացողները, Կռիլովի հայտնի առակի պես, միայն իրենց կողմն են քաշելու սայլը, Հայաստանին, ամենայն հավանակնությամբ, բաժին կհասնեն պատժամիջոցների հետևանքները, երկրորդական՝ կրտսեր, դաշնակցի դերն ու անկյունում կարգապահ աշակերտի ամպլուան։ Հետևաբար, սկզբունքի պարագայում անհստակություն, կարծես թե, չկա՝ անկախությունն ու ինքնիշխանությունը սակարկման ենթակա չեն։ Այնպես, ինչպես սակարկման ենթակա չէ ազատությունը, ազատ խոսքը, ազատ ընտրությունն ու սեփական ապագան որոշելու իրավունքը։
Մաքսիմուս Խոստովանող