2008թ. ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բարաք Օբաման փետրվարի 5-ին մեկնարկած փրայմերիզներից հետո ելույթ ունեցավ իր աջակիցների հավաքում։ Օբամայի այս ելույթը հույսի և ինքնավստահության մասին է՝ առանձին քաղաքացու կարողության, ուժի և դրան հավատալով սեփական միջավայրն ու հանրային կյանքը փոխելու մասին։ Օբաման առաջարկում է քաղաքացուն ոչ թե սպասել փոփոխության, այլ ինքնին հանդես գալ որպես փոփոխություն։
Բարաք Օբամա, 5 փետրվարի 2008թ., Չիկագո, Իլլինոիս։ Ելույթն՝ ամբողջությամբ։
Մեր առջև ծառացած մարտահրավերները մեկ գիշերվա մեկ հանդիպման ընթացքում չեն լուծվելու։ Փոփոխություն չի լինի, եթե մենք սպասենք մեկ ուրիշին կամ եթե սպասենք այլ ժամանակների: Մենք նրանք ենք, ում հենց սպասում էինք։ Մենք ինքներս ենք այն փոփոխությունը, որին ձգտում ենք: Մենք այն մարդկանց հույսն ենք, ում ասել են, որ չեն կարող ունենալ իրենց երազածը, իրենց պատկերացրածը։ Բայց նրանք կարո՛ղ են։
Մենք այն հոր հույսն ենք, ով աշխատանքի է գնում մինչև լուսաբաց և արթուն պառկում՝ կասկածով, որ չի կարող իր երեխաների համար ուրիշի ստեղծած հնարավորություններն ապահովել։ Բայց նա կարո՛ղ է։
Մենք այն կնոջ հույսն ենք, որը մտավախություն ունի, թե իր քաղաքը չի վերակառուցվելու, որ նա չի կարող կրկին ապրել կյանքով, որը սրբվել է սարսափելի փոթորկի կործանիչ հետևանքով։ Բայց նա կարո՛ղ է։
Մենք ապագայի հույսն ենք, պատասխանը՝ ցինիկներին, ովքեր մեզ ասում են, որ մենք պետք է բաժանված մնանք, չհամախմբվենք և չկարողանանք վերակառուցել այս աշխարհն այնպես, ինչպես պետք է լինի: Այն, ինչ սկսեցինք շշուկով, այժմ վերածել ենք երգչախմբի, որը անտեսելի չէ, զսպելի չէ և որը կհնչի մեր երկրում որպես օրհներգ, կբուժի մեզ, կվերականգնի այս աշխարհը, կդարձնի մեր ժամանակը տարբերվող մնացած բոլորից: Բայց այո, մենք կարո՛ղ ենք։