Քաղաքական

Նպատակ ունեն հնազանդեցնել դատական իշխանությանը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները քրեական գործի շրջանակներում այժմ կասեցված են, ԱԺ-ում Դատական համակարգի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե իր համոզմամբ, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների թվի աճը հետապնդում է մեկ նպատակ՝ հնազանդ պահել դատական համակարգը. «Նպատակ ունի դատական իշխանության մեջ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ դատավորներն ապրեն ու աշխատեն վախի մթնոլորտում, որպեսզի որոշումներ, դատական ակտեր կայացնելիս լինեն հնազանդ»։

Վարդազարյանն անդրադարձել է նաև Դատական օրենսգրքի վերջին փոփոխություններին, համաձայն որի, նվազեցվել է ԲԴԽ նիստերի քվորումի և մի շարք այլ որոշումներ կայացնելու համար համար անհրաժեշտ նվազագույն թիվը. «Երբ պարզ դարձավ, որ ԲԴԽ-ն չի հնազանդվում և չի կայացնում իշխանության քիմքին հաճելի որոշումներ, ԲԴԽ-ն թիրախավորվեց։ Մի քանի օր առաջվա օրենսդրական փոփոխությունները, որով խախտվում է ձայների հավասարակշռությունը, և դատավորի լիազորությունները դադարեցնելու համար նվազագույն շեմը իջեցվեց 7-ից 6 ձայնի, հենց իմ ասածի տրամաբանական շարունակությունն է»։

Ըստ Վարդազարյանի՝ իր նկատմամբ եղել են ճնշումներ. «Երբ հասկացան՝ պատվեր չեմ կատարելու, դարձա ոչ հարմար մարդ»։

Վարդազարյանը և իշխանությանը, և ընդդիմությանը կոչ է արել հեռու մնալ դատական իշխանությունից. «Ես ինչքան իշխանությանն եմ ասում, որ հեռու մնացեք դատական համակարգից, թողեք աշխատեն, նույնքան ասում եմ ընդդիմությանը»։