Այս կարգավորումների ներքո ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձինք կկարողանան հասարակությանն առաջարկել քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի ծառայություններ։ Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք, հատկապես նորաստեղծ և ՓՄՁ ընկերությունները, քրաուդֆանդինգի հարթակների միջոցով հնարավորություն կունենան պարզեցված կարգով, առանց թափանցիկության ծավալուն պահանջների արժեթղթերի վաճառքի միջոցով ներդրողներից ներգրավել տարեկան մինչեւ 2,5 մլրդ ՀՀ դրամ ծավալով ֆինանսավորում։ Ներդրողների համար քրաուդֆանդինգի հարթակների միջոցով կստեղծվեն ներդրումների իրականացման նոր հնարավորություններ: Քրաուդֆանդինգի հարթակների միջոցով ներդրող կարող է լինել ցանկացած անձ։
Քրաուդֆանդինգի հարթակների միջոցով ներդրումները, որպես կանոն, ուղղված են նոր նախագծերի ֆինանսավորմանը՝ արագ և մեծ շահութաբերություն ստանալու ակնկալիքով։ Այդ առումով, կարեւոր է, որ ներդրողները հնարավորինս հաշվի առնեն ներդրումների կորստի կամ իրացվելիության ռիսկերը, ինչպես նաեւ նախապես մանրամասն ուսումնասիրեն ներդրումների վերաբերյալ հասանելի ամբողջ տեղեկատվությունը։
ԿԲ-ում ընդգծել են, որ, ի տարբերություն արժեթղթերի թողարկման այլ հրապարակային առաջարկների, քրաուդֆանդինգի հարթակներում հրապարակված փաստաթղթերը ենթակա չեն գրանցման Կենտրոնական բանկի կողմից, այլ անցնում են գնահատման գործընթաց համապատասխան քրաուդֆանդինգի օպերատորի կողմից: «Կենտրոնական բանկը որեւէ պատասխանատվություն չի կրում քրաուդֆանդինգի հարթակներում հրապարակված փաստաթղթերի ճշտության կամ իսկության, ինչպես նաև այս հարթակներում կատարված ներդրումների ապահովության եւ վերադարձի համար»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: