Քաղաքական

Նախագահի թեկնածու առաջադրելիս ընդդիմության մոտ  կար հոգեբանական խնդիր

Քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձավ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների՝ նախագահի թեկնածու չառաջադրելու որոշմանը` նշելով, որ այն ճիշտ է համարում։

Ղևոնդյանն այսպես մեկնաբանեց իր տեսակետը. «Ճիշտ եմ համարում այնքանով, որ ընդդիմությունը որևէ հնարավորություն չունի իր նախագահի թեկնածուի համար բավարար ձայներ ապահովելու՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի կառուցվածքը և Ազգային ժողովի տեղերը»։

Նրա խոսքով ընդդիմության որոշումը արդարացված է քաղաքական և հոգեբանական տեսանկյունից. «Ընդդիմության մոտ կա նաև հոգեբանական խնդիր. չեն կարող առաջադրել իրենց առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, իսկ այլ թեկնածու առաջադրելը բավական խնդրահարույց է իրենց ներքին փոխհարաբերությունների իմաստով, որովհետև այս երկու թեկնածուներին ակնհայտորեն դուր չի գա, եթե մեկ ուրիշը հայտնվի առաջնային պլանում»:

Ըստ նրա՝ ընդդիմության նախագահի թեկնածուն ոչ միայն չէր անցնելու, այլև ներքին պառակտումների պատճառ էր դառնալու. «Մեծ հավանականությամբ որոշել են այդ ներքին պառակտումների զոհողությանը չգնալ,  որովհետև, միևնույն է, զոհողությունների գնով էլ նրանք հնարավորություն չունեին անցկացնելու իրենց թեկնածուին»։

Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է համարում իշխանական թեկնածուի հանդիպումը ընդդիմադիր ֆրակցիաների հետ, նշեց, որ իշխանության թեկնածուն քաղաքական գործընթացների առումով պարտավոր է այդպիսի առաջարկով հանդես գալ. «Կհանդիպեն, թե ոչ, դա այլ հարց է։ Այն, որ ընդդիմությունը փորձում է պարալիզացնել պետության աշխատանքը, նորություն չէ։ Նրանք հենց այդ օրակարգով էլ գնացել են ընտրություններին և այդ օրակարգով էլ եկել են Ազգային ժողով»։