Արցախ

ԼՂ-ից տեղահանվածներին լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրվի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ըստ նախագծի՝ որպես կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց 1 անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55․000 դրամից:

Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40․000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10․000 դրամ:

Նախագծով աջակցության դիմումը կմերժվի այն անձանց մասով, որոնք, ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն, չեն գտնվում Հայաստանում:

Հիշեցնենք՝ ապրիլից կառավարությունը սահմանափակել է 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին անձի հաշվով բնակվարձի փոխհատուցման 40+10 հազար դրամի աջակցությունը։