Հարցազրույց

Ինչո՞ւ արցախցիները չեն օգտվում բնակապահովման ծրագրից

Կառավարության որոշմամբ արցախցիներին բնակարանի վարձի փոխհատուցման նպատակով անձի հաշվով 40+10 հազար դրամ տրվող աջակցությունն ապրիլից սահմանափակվում է։ Գումարը կշարունակեն տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց, թոշակառուներին և երեխաներին։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա արվում է, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախցիները դիմեն կառավարության առաջարկած բնակապահովման ծրագրին և ձեռք բերեն բնակարաններ։ ԼՂ-ից տեղահանվածները վերջերս ցույց էին կազմակերպել այս առնչությամբ։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն  զրուցել է ԼՂ նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։

- Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ցույցեր են անում ու բողոքում կառավարության կողմից աջակցության ծրագրի սահմանափակումից։ Կառավարությունը հորդորում է օգտվել բնակապահովման ծրագրից։ Ի՞նչն է խնդիրը, որ արցախցիները չեն օգտվում ծրագրից։ 

- Այդ մեկնաբանությունն իրականության հետ որևէ առնչություն չունի։ Եթե բնակարանային ծրագիրը նորմալ պայմաններ ունենար, և դրանում պարունակող խնդրահարույց դրույթները շտկվեին կառավարության կողմից, ինչու՞ մարդիկ չպետք է օգտվեին այդ ծրագրից։ Որևէ մեկը հաճույք չի ստանում 3-4 ամիսը մեկ վարձով տներ փոխելուց կամ բնակարանների տերերի հետ մշտական տարբեր խնդիրների մեջ լինելուց։ Մարդիկ չեն օգտվում ծրագրից, քանի որ այդ ծրագրում սահմանված գումարները քիչ են, քաղաքացիության պահանջ դնելը խոչընդոտում է, բանկային համակարգի հետ կան բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, որոնք կառավարությունն ամեն անգամ ասում է՝ կլուծենք, ամեն անգամ մի նոր ժամկետ է ասում։ Երբ կարգավորեն այս խնդիրները, դրանից հետո թող դադարեցնեն։ Որևէ մեկն այդ 40+10 հազար դրամի համար չի ապրում։ Մարդիկ պարզապես ուզում են, որ մինչ այս խնդիրների կարգավորումը այդ գումարները տրամադրեն, քանի որ դա վերցնում են, տալիս տան վարձ։ Երևանի պարագայում էլ՝ մարդիկ իրենց աշխատածից են ավելացնում տրվածին։ 

- Բնակապահովման ծրագրով առաջարկվող գումարը բավարար չէ՞ մարզերում բնակարաններ ձեռք բերելու համար։ Ինչո՞ւ են արցախցիները խուսափում մարզերում բնակարաններ գնել։ 

- Այո, տրված գումարը բավարարում է որոշակի համայնքներում տներ ձեռք բերելու համար, հիմնականում՝ սահմանամերձ, որտեղ տուն ձեռք բերելու համար անձի հաշվով 5 մլն դրամ է տրվում, և այո, դա բավարար է այդ համայնքներում բնակարան ունենալու համար։ Կան բնակավայրեր, որտեղ 4 մլն դրամ են տալիս։ Դրանց թվում են Վանաձորը, Գյումրին, Հրազդանը, Արմավիր համայնքի բնակավայրերը։ Ընդ որում, այդ փոփոխությունը նոր է մտցվել՝ 1 ամիս առաջ, սկզբում անձի հաշվով 3 մլն դրամ էր տրվում։ Արցախցի բնակչության կեսից ավելին քաղաքային կենսակերպով են ապրել, հետևաբար, պետք է այս առանձնահատկությունը հաշվի առնել։ Ինչ-որ առումով դրական կարելի է գնահատել այս փոփոխությունը, բայց խնդիրը շարունակում է մնալ, քանի որ տեղահանվածների 60-70%-ը բնակվում է Երևանում, Կոտայքում և Արարատում, քանի որ այստեղ աշխատանքի հարցը հեշտ է լուծվում։ Երևանում և հարակից բնակավայրերում բնակապահովման համար աջակցության չափը կազմում է անձի հաշվով 3 մլն, ինչը բավարար չէ բնակարան ձեռք բերելու համար։ Ծրագրով ընտանիքին հնարավորություն է տրվում հավելյալ վարկ ներգրավել իր հաշվին, որպեսզի կարողանա այս բնակավայրերում տուն գնել, բայց երբ անձը գնում է բանկ, որպեսզի վարկ վերցնի, բանկը հավելյալ երաշխիք է ուզում, գնվող տունը բանկի համար երաշխիք չէ, քանի որ եթե կանոնները խախտվեն, տունն անցնելու է պետությանը։ Ստուգում է նաև վարկունակությունը, նաև՝ սև ցուցակների հարց կա, ու արցախցիներն ունեն բացասական վարկային պատմության խնդիր, քանի որ ոչ թե անբարեխիղճ են եղել, այլ բլոկադայով, դրան հաջորդած ժամանակահատվածով պայմանավորված՝ դասակարգվել են, որը պետք է համակարգային լուծում ստանա։ Սա խոչընդոտում է բոլոր ոլորտներին. և՛ տուն ձեռք բերելուն, և տնտեսական գործունեությամբ զբաղվելուն։ Եվ տեղահանված արցախցին չի կարողանում այս համայնքներում բնակարան ձեռք բերել։ Մենք ուզում ենք, որ կարգավորվեն այս խնդիրները, նոր դրանից հետո գնալ աջակցությունը կրճատելու ճանապարհով։

- Ձեր խոսքում նշեցիք, որ քաղաքացիության պահանջը ևս խոչընդոտում է բնակարան ձեռք բերելուն։ Այս հարցում ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ արցախցիները չեն ցանկանում Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել։

- Պատճառները բազմաթիվ են, բայց շատ հաճախ դրանք պայմանավորված են սոցիալ-հոգեբանական գործոններով, վստահությամբ, Արցախում ունեցած գույքի նկատմամբ իրավունքների կորստի մտահոգություններով։ Սա մի օրում կարգավորվող հարց չէ։ Պետք է մեխանիզմներ մտածել՝ ինչպես հաղթահարել այդ խոչընդոտը։ Օրինակ, քաղաքացիության պահանջը երկարաձգել, պահանջել, ասենք, 5-10 տարի հետո, միևնույն է, ծրագրով ձեռք բերված գույքը 10 տարի հետո է համարվելու տվյալ անձի սեփականությունը։ Կամ կարելի է սահմանել, որ դիմում ներկայացնողը լինի ՀՀ քաղաքացի, իսկ մյուսները չէ։ Ինչ-որ լուծում է պետք։ Արցախցիների մեջ նաև մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր սկզբունքորեն ասում են՝ մենք մինչև 2023 թվականը քաղաքացի ենք եղել, ինչու՞ պետք է նորից դիմել դրա համար։

- Կառավարության անդամները հանդիպումների ժամանակ ինչպե՞ս են արձագանքել այս խնդիրներին։ 

-Հանրահավաքից հետո Արցախի պաշտպանության խորհրդի անդամները փոխվարչապետի հետ հանդիպումներ են ունեցել և ներկայացրել են այդ խնդիրները։ Պայմանավորվածություն կա ձեռք բերված՝ մասնագիտական խմբերով ավելի մանրամասն քննարկել խնդիրները, բայց ես վստահ կարող եմ ասել, որ կառավարությունը շատ լավ տիրապետում է խնդիրներին։ Մեր կողմից ներկայացվել են և՛ խնդիրները, և՛ մեր առաջարկները։ Հետագա քննարկման ժամանակ նոր հեծանիվ չենք հորինելու։ Ամենավատն այն է, որ կառավարությունը, իմանալով այս ամենը, շարունակում է իրենը պնդել։ Օրինակ, քաղաքացիության պահանջի հարցը․ ասում են՝ մենք պետք է վստահ լինենք, որ անձը իր հետագա պլանները կապում է ՀՀ-ի հետ, ավելի պարզ ասած՝ անձը չստանա բնակարան, հետո արտագաղթի։ Այնինչ, ըստ այդ ծրագրի դրույթների, եթե ընտանիքի անդամը տարվա ընթացքում 183 օրից ավելի բացակայում է Հայաստանից, բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է պետությանը։ Էլ իմաստը ո՞րն է, որ սրան հավելյալ քաղաքացիության պահանջ է սահմանվում։ Բացի սրանից՝ արդյոք ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը երաշխավորում է, որ անձը չի արտագաղթի։ Քի՞չ են ՀՀ քաղաքացիները արտագաղթում։ Ցույց ենք տալիս մեր հակադարձումներով, որ այդ փաստարկներն անհիմն են։ Այդ դիրքորոշումը բերում է այն համոզմանը, որ չեն ուզում, որ մարդիկ օգտվեն այդ ծրագրից, կամ չեն ուզում երկարաժամկետ հեռանկարում մնան Հայաստանում։ 

Այսօր 24news-ի հետ զրույցում փոխվարչապետը նաև հայտնել է, որ կառավարությունը պատրաստվում է նոր աջակցություն տրամադրել արցախցիներին. ընտանիքները կընտրվեն մեկ անձի հաշվով միջին եկամուտների փաստացի չափից ելնելով։

Անժելա Պողոսյան