Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը որոշ ցուցմունքներ են տվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Արկադի Ղուկասյանն ասել է, թե «փոքր Ղարաբաղը չէր կարող ինքնուրույն պաշտպանվել և որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Բակո Սահակյանի հետ միասին փորձել են հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ՝ համոզելու նրան, որ դիմի Հայաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար»։
Ղուկասյանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է նաև, որ Ղարաբաղում վարձկաններ չեն եղել, միայն Երևանի կողմից ֆինանսավորվող հայկական զինված ուժեր։
Բակո Սահակյանը, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, հայտնել է, որ Բաքվի դատարանում քննարկվող հակամարտությունը քրեական և դատական վարույթի առարկա չէ։
Նշվում է, որ Արայիկ Հարությունյանին խնդրել են ցուցմունք տալ, սակայն նա լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար։ Դատարանը բավարարել է նրա խնդրանքը։ Դավիթ Իշխանյանը ցուցմունք է տվել և իրեն մեղավոր չի ճանաչել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Դավիթ Բաբայանը նույնպես հերքել է մեղադրանքները և հայտարարել է, որ «սիրում է իր ժողովրդին, բայց ազգայնական չէ»։ Հաջորդ շինծու դատական նիստը կկայանա մարտի 3-ին։