Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 10 ℃

Рус Eng

Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում միջոցառումներ կանցկացվեն՝ հաջակցություն Արցախի

Արցախ

27 Հունվարի, 22:35

Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությամբ, ունի մեկ անվանում՝ Օսմանյան կայսրության ժամանակներից սկիզբ առած թուրքական հանցավոր ծրագրերի շարունակություն: 100 տարի առաջ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործողությունները կրկնվեցին մեր օրերում, բայց մեկ, չնչին տարբերությամբ՝ առաջատար դեր վերապահելով Ադրբեջանին:

Հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախը, որ մշտապես դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակությունների, 21-րդ դարում, միջազգային իրավունքի անտեսման պայմաններում դեմ հանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերին պարտադրված պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսյա համընդհանուր շրջափակման օրերին և հրեշավոր ահաբեկչության ճանապարհով 2023թ. սեպտեմբերին ենթարկվեց էթնիկ զտման: Իրականացվող ցեղասպանության ու դրա սպառնալիքի ներքո 120 հազար արցախցի հայեր ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը, քրիստոնեական սրբավայրերը և սեփական օջախները:

Հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա՝ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի, ոճրագործությունների միջոցով: Եվ այն իրողությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են գերեվարված մնալ Բաքվի բանտերում, հաստատում է այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից հակահայկական քաղաքականությունը շարունակելու մտադրությունները:

Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում ի աջակցություն Արցախի նախատեսվող միջոցառումները, վերը նկարագրված աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են: «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը միավորել է Եվրոպայում ապրող մեր այն հայրենակիցներին, ում համար Արցախը տարիներ ի վեր եղել է ոգեշնչման աղբյուր, հարյուրավոր կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի միջազգային հեղինակությունը բարձր պահելու և տեսանելի դարձնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ծանր ու բարդ իրավիճակում հայտնված արցախահայության տրամադրությունները, բռնատեղահանված ժողովրդի անունից երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որ ցուցաբերում են հարյուրավոր եվրոպական կազմակերպություններ՝ Արցախին օժանդակելու նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով:

Մենք շնորհակալ ենք նաև եվրոպացի մեր բոլոր բարեկամներին, ովքեր տևական ժամանակ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման և ինքնիշխան պետություն կառուցելու մեր իրավունքը:

Մեծ եռանդով միանում ենք արդարացիորեն ցանկագրված այն հորդորներին ու պահանջներին, որոնք ուղղվել են ձեր նստավայր երկրների կառավարություններին ու համաեվրոպական ղեկավար կառույցներին: Խորապես համոզված ենք, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար:

Հաջողություն ենք մաղթում բոլորիս՝ պատմական այդ առաքելության իրականացման ճանապարհին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում