Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։ Հանդիպման նպատակն աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են անցնող տարվա տասն ամսվա Փրկարար ծառայության գործունեության արդյունքները, ձեռքբերումները և խնդիրները։
2023 թվականի հաշվետու ժամանակահատվածում «911» ահազանգման կենտրոնում և ՄՓՎ ՃԿԿ-ներում գրանցվել է 1 437 071 զանգ։ 2022 թվականի 10 ամսվա համեմատությամբ զանգերի թվաքանակն աճել է 219 729-ով (18%-ով)։
Հանրապետությունում գրանցվել է 11․594 արտակարգ դեպք, պատահար, որից փրկվել է 167 մարդ, զոհվել 422-ը (310-ը ՃՏՊ-ից, 32-ը՝ հրդեհից, 14-ը՝ ջրահեղձումից և այլն)։
ՀՀ-ում ջերմային ֆոնի բարձրացմամբ պայմանավորված՝ անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 847 խումբ, որից 706-ը ՓԾ ստորաբաժանումներից։ Ծառայության ստորաբաժանումների միջոցով իրազեկում է իրականացվել 6650 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում։
Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի և մարզային փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրե են ընթացիկ աշխատանքների արդյունքները՝ հանձնարարականների կատարման ընթացքի, առաջացած հարցերի, ձեռնարկված միջոցառումների, կադրային, տեխնիկական զինվածության, շենք-շինությունների վիճակի բարելավման վերաբերյալ հարցերը: Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Կամո Ցուցուլյանը մատնանշել է տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները, հանձնարարել է դրանք վերացնել առավելագույնս սեղմ ժամկետներում և տվել հստակ կարգադրություններ։ Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարել է համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել ծառայության կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կագրապահության նկատմամբ՝ բացառելով խախտումները։
Ձմեռային սեզոնին ընդառաջ՝ փրկարար ծառայության ղեկավարը հանձնարարել է ուշադրության տակ պահել հանրապետության ավտոճանապարհները՝ հատկապես բարձր լեռնային տեղանքներում, նախապատրաստական աշխատանքներ տանել հրշեջ մեքենաների վերազինման, տեխնիկական ապահովման, քարշակման աշխատանքների պատշաճ կազմակերպման, անհրաժեշտության դեպքում հենակետերի ծավալման և այլ հարցերի վերաբերյալ։ Ցուցուլյանը կարևորել է ուսումնական հաստատություններում վարժանքների, վարքականոնների ուսուցանման շարունակականությունը, հանձնարարել առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման ուղղությամբ։
Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենն ամփոփել է արդյունքները, տվել մի շարք հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների, Հոգեբանական աջակցության բաժնի և Բժշկական ապահովման վարչության ղեկավարներին արագ և օպերատիվ արձագանքման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ տարվող աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպման համար՝ նշելով, որ լավագույն ծառայողները մշտապես արժանանալու են խրախուսանքի։