Արցախ

Ներկայացվել է ԼՂ հայ բնակչության ինտեգրման ծրագիրը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ են ներկայացրել ԼՂ հայ բնակչության ինտեգրման ծրագրից։

Նշվում է, որ Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը ԼՂ ներկայացուցիչների հետ Եվլախում և Խոջալուում հանդիպումների ժամանակ քննարկել է այս հարցերը։

Ըստ նրանց՝ ինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ Ադրբեջանի սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա:

Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ երաշխավորվում է յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների հավասարությունը, այդ թվում՝ յուրաքանչյուրի անվտանգությունը:

Իրավական և վարչական ոլորտ

Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով: Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ ներկայացուցչությունների աշխատանքներում:

Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան՝ ընտրությունների միջոցով ձևավորվում են համայնքներ։

Բնակիչների քաղաքացիության հարցերը լուծվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա՝ Ադրբեջանի սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան:

Անվտանգության ոլորտ

Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում են բոլոր զենքերը։

Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը: Բնակիչները կարող են աշխատանքի ներգրավվել ներքին գործերի մարմիններում:

Տնտեսական ոլորտ

Ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքներով (կրթություն, առողջապահություն, էներգետիկա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, մելիորացիա և այլն) տարածքների ապահովումը, որտեղ բնակվում են բնակիչները, որոշակի ժամանակահատվածում հասցվում է երկրի միջին ցուցանիշների մակարդակին:

Խթանիչ միջոցառումների փաթեթը, ներառյալ՝ հարկային և մաքսային արտոնությունները, որոնք կապված են Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով ներդրված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, տարածվում է բնակիչների բնակության տարածքների վրա:

Ապահովվում է Ադրբեջանի ազգային արժույթի ամբողջական շրջանառությունը։

Իրականացվում են բնակիչների բնակության տարածքներում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցառումներ: Արտոնյալ վարկերը, տոկոսների սուբսիդավորումը, վարկերի երաշխիքների տրամադրումը և երկրում կիրառվող այլ ֆինանսական գործիքները՝ կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից ֆինանսների հասանելիության ընդլայնման հետ, տարածվում են այն տարածքներում, որտեղ բնակվում են հայեր:

Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ, և նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացառությամբ՝ հողի հարկի:

Սեփականության հարցերը կարգավորվում են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան:

Սոցիալական ոլորտ

Բնակիչների վրա տարածվում է ամբողջ երկրում կիրառվող վարձատրության և սոցիալական վճարների համակարգը:

Բնակիչների վրա տարածվում են Ղարաբաղի և արևելազանգեզուրյան տնտեսական շրջաններում առկա սոցիալական արտոնությունները, ծառայությունները և զբաղվածության ծրագրերը:

Բնակիչներն օգտվում են բջջային ծառայություններից (Mobile Asan և Mobile Dost):

Մշակույթի, կրթության և կրոնի բնագավառ

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթի, էթնոմշակութային առանձնահատկությունների պահպանման և զարգացման իրավունքը:

Ապահովվում են կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը:

Հայոց լեզվի օգտագործման հնարավորություն է ստեղծվում։

Ինտեգրման գործնական իրականացման ուղղությամբ հայ բնակիչների ներկայացուցիչների հետ շփումները կշարունակվեն: