Բոլոր քաղաքացիների նման անցակետում մեքենայից իջել եմ, ձեռքով բարևել եմ ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել եմ, սկաններով մեքենան անցնելուց հետո նստել եմ, եկել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատմելով, թե ինչպես է հատել ադրբեջանական անցակետը։
«Անձնագիր չեն ստուգել, ոչ մեկինն էլ չեն ստուգում։ 30-35 տարեկան էին ոստիկանները, նրանք ինձ չէին կարող ճանաչել։ Տեսաժապավենը կա, կարող եք ուզել, տեսնել, համոզվել»,- ասել է նա։
Բաբայանի խոսքով՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք իրենց 22 պատգամավորներով կործանել են Արցախը։
«Ռուսաստանը գրել է տեքստը և տվել ստորագրության՝ Հայաստանին գործընթացում ներգրավելու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ փաստաթղթում դրված է եղել կետ այն մասին, որ Հայաստանը զորքեր ունի Արցախում, որպեսզի ևս մեկ անգամ մեղադրի ՀՀ-ին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, իսկ ԼՂ իշխանությունը հնազանդորեն համաձայնվել է դրան»,- նշել է նա։
Բաբայանը հայտնել է, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել ՌԴ ԱԴԾ-ի հանձնարարությամբ՝ պատճառաբանելով, որ ԼՂ նախկին նախագահներն ԱԴԾ-ին գրել են, որ Հարությունյանը շատ հարցերում իրենց խաբում է։ ՌԴ-ն դիմել է Ադրբեջանին՝ իր գործակալ Ռուբեն Վարդանյանին հեռացնելու խնդրանքով։
«Իմ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ Արցախի ողջ զինտեխնիկան պետք է տեղափոխվեր ՀՀ։ Իշխանությունը զավթած հանցագործներն այն ամբողջությամբ հանձնեցին Ադրբեջանին, Արցախը վաճառեցին փողի դիմաց, այրեցին ու ոչնչացրին բոլոր թղթերն ու արխիվները՝ հետքերը ջնջելու համար»,- ասել է Բաբայանը։