ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման։
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական աշնանային նստաշրջանն իրապես անցկացվելու է հոկտեմբերին, և օրեր առաջ ես դրա վերաբերյալ նաև համապատասխան գրառում եմ արել իմ: ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին որոշում էր կայացվել դիմել ԵԽԽՎ Բյուրոյին, որպեսզի վերջինս քննարկի երկու հարց. Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակեպելու, ինչպես նաև ԵԽԽՎ պրոֆիլային, մասնավորապես՝ մոնիթորինգային և միգրացիայի հարցերով հանձնաժողովների համատեղ լսումներ անցկացնելու վերաբերյալ: Տվյալ հարցերով վերջնական որոշում պետք է կայացնի ԵԽԽՎ Բյուրոն: Դա տեղի է ունենում որպես կանոն Վեհաժողովի լիագումար նստաշրջանի նախօրեին: Համոզմունք արտահայտեմ, որ երկու նախաձեռնություններն էլ հաջողությամբ կպսակվեն: Այդ նիստերի անցկացման նախաձեռնությունները եկել են ոչ թե որևէ պետությունից, այլ ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովից:
Ինչ վերաբերում է տեսանյութերի և այլ բնույթի տեղեկատվության տրամադրմանը, ապա պետք է նշեմ, որ այդ նյութերը պետք է ուղղվեն լսումների շրջանակներում հրավիրված փորձագետներին կամ մասնակիցներին, որոնք հնարավորություն կունենան լսումների ժամանակ դրանք ներկայացնել ԵԽԽՎ համապաստախան հանձնաժողովի անդամներին: Պետք է նշեմ նաև, որ հաշվի առնելով նյութերի բովանդակային զգայունությունը՝ դրանք պետք է ոչ թե հրապարակել, այլ պարզապես անձնական նամակով կամ այլ կոնֆիդենցիալ եղանակավ ուղարկել համապատասխան սուբյեկտների, որոնք իրավունք ունեն և իրավասու են այդ գործընթացը միջազգային ատյաններում ներկայացնելու: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ հիշյալ տեղեկատվական նյութերն առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի ուղարկել այն պահին, երբ արդեն իսկ հստակ կլինի հանձնաժողովների կողմից կազմակերպվող լսումներին մասնացող համապատասխան փորձագետների կամ մասնակիցների կազմը»: