Արցախ

Մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի. Բեգլարյան

Մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի. Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:

Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում: Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով: Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:

Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով: 

Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի: Յուրաքանչյուր պայքար պետք է որոշակի տեսանելի հեռանկար ունենա, առավել ևս, երբ կշեռքի մյուս նժարին դրված են հազարավոր մարդկային կյանքեր:
Ամուր եղե՛ք, ժողովու՛րդ: Մենք վեր հառնելու ժամանակ դեռ կունենանք:

Հ.Գ. Թող հատկապես Արցախից դուրս գտնվող որևէ մեկը չփորձի ինձ հայրենասիրության դասեր տա՝ կտրված լինելով այս դաժան իրականությունից, որի միայն մի փոքր մասն է դրսից տեսանելի»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական