Արցախ

Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը  ելույթ  ունեցել ԱԺ հատուկ նիստում եւ շնորհավորել ԱՀ նորընտիր նախագահին:

«Նախքան շնորհավորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: 

Գիտեք սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա խորությամբ ընկալի այդ հասկացողությունը: Երբ որ խոսում ենք տեսակետների, որոշումների մասին պետք է հստակ կարողանանք ամրագրել և արձանագրել, որ մեկն է տեսակետ, որ մեկն է որոշում: 

Երբ որ խոսում ենք այս կարգի քաղաքական տերմինների մասին, նաև պետք է կարողանանք տարբերակել ռազմավարությունը և մարտավարությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ պետք է ունենա ռազմավարական մտածելակերպ, ինչու չէ նաև մարտավարական համապատասխան մոտեցումներով: 

Նաև կա նպատակի, միջոցի հասկացողություն: Ես ուզում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը առաջնորդվի հենց այդ մոտեցումներով և կարողանա զանազանել՝ որն է նպատակը, որը` միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձևակերպումներն ու թեզերը օգտակար կլինեն նորընտիր նախագահին: 

Ուզում եմ առիթից օգտվել՝ շնորհավորելու նաև մեր ժողովրդի անունից, բոլորիս անունից: Բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր պատասխանատու շրջանում և ինչպիսի ծանր որոշում է կայացրել հենց ինքը` Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Եվ այդ որոշումը կրելու պատասխանատվությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրինն է՝ թե´ կողմ և թե´ դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած, և նաև մեր հասարակությանը, որովհետև մեր այսօրվա վիճակը այնպիսինն է, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել: Ես կարծում եմ այսօր մենք մեր առաքելությունը ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով: 

Մեկ անգամ ևս շնորհավորանքներ, Սամվե´լ Սերգեյի: Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի բեղմնավոր, ինչպես Դուք եք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և հայ ժողովրդի: 

Շնորհավորում եմ»: