Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հողօգտագործողներին տեղեկացնում է, որ հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։
Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։
Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։
Դա կախված է, նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։
Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում` քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը։
Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։ Պայքարը միայն պատերազմը չէ, սա էլ պայքար է, որտեղից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն բոլորիս միասնականության շնորհիվ։