Արցախ

Արցախի ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարություններին

Անդրադառալով Աղդամով ճանապարհ բացելու Ադրբեջանի առաջարկին, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է. «Այն տարբերակը, որը ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ ու տեսնում եք, թե մեր հայրենակիցներն ինչպես են դրան արձագանքել։

Իշխանության պարտականությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկները, որոնք գալիս են միջնորդների, այլ շահագրգիռ կողմերի կողմից։ Կարևորն այն է, որ այս առաջարկները լինեն ողջամիտ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր վրա վերցրած պարտավորությունները, անգամ, եթե դրա վրա կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այս ընթացքում որևէ քայլ չի վկայել այն մասին, որ Ադրբեջանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Աղդամով ճանապարհ բացելու դեպքում Լաչինի միջանցքը ևս կբացվի, նա նշել է. «Այս ընթացքում մենք շատ հավաստիացումներ ենք լսել, ցավոք սրտի դրանցից ոչ մեկը իրականություն չէ։ Արցախյան կողմը ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի խաղաղ բանակցությունների միջոցով փորձենք ամենածանր հարցերին անգամ փոխընդունելի լուծումներ գտնել, բայց ադրբեջանաան կողմն է խուսափում սրանից։ Ռուս խաղաղապահների միջոցով պարբերաբար մենք առաջարկներ ենք փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմը ուղղակի չի պատասանում»։