Արցախ

Միջազգային սոցիալիստական շարժումն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Միջազգային սոցիալիստական շարժումն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Սոցիալիստական ինտերնացիոնալը հայտարարություն է տարածել, որում Ադրբեջանի կառավարությանը հորդորել է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։ 

Հայատարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի և մի քանի ամիս ձգվող շրջափակման։ Հայաստանից սննդամթերքի, դեղորայքի, գազի և էլեկտրականության մատակարարումներից զրկվածությունն արագորեն հանգեցնում է տարածաշրջանում սովի և հումանիտար աղետի։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը, 2023թ․ հունվարի 9-ից Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի խափանումը, 2023թ․ մարտի 21-ից գազի մատակարարումների խափանումը և ավելին՝ 2023թ․ հունիսի 15-ից ամբողջական շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի կենսապայմանների վրա աղետալի ազդեցություն ունեն։

Մենք նկատի ենք առնում այն, որ 2023 թվականի հունիսի 15-ից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նախկինում իրականացված պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները դադարեցվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Այդ շարունակական շրջափակումը խախտում է Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած՝ իրավաբանորեն պարտադիր որոշումները:

Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես անհանգստացած է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգներից՝ բարձրացված հեղինակավոր մասնագետների և համապատասխան ինստիտուտների կողմից, ինչպիսիք են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։ Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին հորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծումը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ակտիվացնել Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու կոչով Ադրբեջանի իշխանություններին դիմելու ջանքերը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական