Արցախ

«Սա իրականությունից կտրված տեսլական է». Արցախի ԱԳ նախարարը՝ Լավրովի փաստաթղթի մասին

ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Արցախի վերաբերյալ տարածած փաստաթղթին։

«Այդ հարցի վերաբերյալ կնշեմ, որ պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։ Հուլիսի 27-ի Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը։

Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա: Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետևանքները՝ այն պարագայում, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ՝ այդ թվում և ուժի կիրառման մասին, տեսնելով` ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման տեսլականների առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել»,- ասել է նա։

Հարցին, թե ինչպե՞ս են տեսնում Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններըմ նա նշել է. «Արցախյան կողմն ամենաշահագրգիռն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք կարողանանք հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Այստեղ ուղղակի մի քանի կարևոր հանգամանք պետք է նշենք. առաջինը, նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա ներգրավված կողմերին տեսնելու, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։

Երկրորդը, պետք է ամրագրվեն հստակ երաշխիքներ, որ կողմերը ստանձնած պարտավորությունները կատարելու են` հաշվի առնելով, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, և որը չի գործում:

Ինչ վերաբերում է այն առաջարկներին, որ ստացել ենք երրորդ երկրի տարածքում հանդիպելու, այո՛, օգոստոսի սկզբին նախատեսվում էր նման հանդիպում, արցախյան կողմն ընդունել է առաջարկը, ադրբեջանական կողմը չեղարկել է մասնակցությունը, և մենք ստացել ենք Եվլախում հանդիպելու մասին առաջարկ։ Բայց, ինչպես տեղյակ եք, մեր հայրենակիցը՝ Վագիֆ Խաչատրյանը, ԿԽՄԿ-ի միջոցով Հայասատան տեղափոխվելու ընթացքում առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից: Այդ տրամաբանությամբ ինչ-որ հանդիպումներ, հատկապես առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայության, Ադրբեջանի տարածքում, անհնար է։ Ավելացնեմ նաև, որ արցախյան կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պարբերաբար փոխանցում է հանդիպումների մասին առաջարկներ, որոնք անտեսվում են ադրբեջանական կողմից։ Տեղյակ եք, որ վերջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական և հումանիտար բնույթի հարցեր, բայց ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել այդ հանդիպման բովանդակային մասը, և մարտի 5-ին մենք տեսել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է և մեկը վիրավորվել»։