Արցախ

Ասկերան-Աղդամ ճանապարհը փակ է 2020թ. նոյեմբերից. Արցախի պետնախարարի աշխատակազմ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ադրբեջանի իշխանությունները վերջին միջազգային հանդիպումներում ու զրույցներում հայտարարում են, թե հայերը փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակել և բետոնապատնեշներ տեղադրել։ Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմել էր Արցախի պետական նախարարին։

Պետնախարարի աշխատակազմի պատասխանում նշվում է, որ Ասկերան-Աղդամ ճանապարհը փակ է 2020թ. նոյեմբեր ամսից:

«Ասկերանի կողմից տեղադրված է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանական անցակետ՝ անվտանգության նկատառումներով, մարդկանց պատահական անցումը բացառելու համար, այնուհետ ճանապարհը փակված է ռուսական խաղաղապահ ուժերի, իսկ հետո նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ճանապարհի վրա տեղադրված է հենակետ: Բետոնապատնեշները դրվել են Ասկերան քաղաքի վարչական տարածքում՝ մինչև մեր ոստիկանական կետ հասնելը: Ընդ որում, այդտեղ բետոնապատնեշ դնելով՝ ճանապարհով երթևեկությունը չի արգելափակվել, դա արվել է ժողովրդի կողմից՝ ընդամենը ի նշան բողոքի և ի հավաստումն այն բանի, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը չի կարող փոխարինվել այլընտրանքային լուծումներով և չի կարելի մարդկանց պարտադրել հումանիտար ուղիներ»,- ասված է պատասխանում: 

Հայկ Մագոյան