Արցախ

«Ժողովրդի կենսագործունեության նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին». Արայիկ Հարությունյան

«Ժողովրդի կենսագործունեության նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին՝ 2023թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ․

«Կրկին ահազանգում եմ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:

Խստագույնս դատապարտելի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման, կողմերի միջև փոխվստահության միջավայրի ձևավորման փոխարեն Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքական օրակարգի իրականացման հիմնական գործիքներից են Արցախի Հանրապետության շրջափակումն ու արդեն լիակատար պաշարումը, կենսական ենթակառուցվածքների շարունակական խափանումը և անթաքույց ցեղասպանական քաղաքականության վարումը:

Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների: Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը: 

Լիազորված իմ ժողովրդի կողմից տրված իշխանության մանդատով՝ պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները:

Ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին Եռակողմ հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։
Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական