Կեղծ են այն պնդումները, թե Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Արցախին օգնություն ուղարկված ապրանքներ։ Առաջիկայում այդ տեղեկությունները հերքող փաստեր կներկայացվեն։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Մենք նախատեսում ենք հրապարակել գույքի այն տեսականին, որն ուղղակիորեն հերքում է հրապարակված տեղեկությունը։ Մասնավորապես, որոնք ընկալվում են իբր բարեգործության տրամաբանության շրջանակներում հափշտակված ու չբաժանված գույքի ձևով։ Բնակարանում հայտնաբերվել է 14 բլոկ սիգարետ. անհեթեթություն է չէ՞, մտածել, որ դա կապված է բարեգործության հետ։ Ընդ որում, եղել են 2016 թվականի արտադրության ծխախոտներ՝ հին ժամանակներից եկած։ Վիտալի Բալասանյանը բազում անգամ մարտական դիրքում գտնվող տղաներին մատակարարել է ծխախոտներ, հազար տեսակի ապրանքներ, այդ թվում՝ տեսադիտարկման սարքեր և այլն»,- ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման կեղծ հայտարարություններով փորձում են արատավորել Վիտալի Բալասանյանի համբավը։
Հայկ Մագոյան