Արցախ

ԱՀ դատախազությունը՝ Վիտալի Բալասանյանի որդու ձերբակալության մասին

Արցախի Հանրապետության գլխավոր Դատախազությունը հայտնում է․ «Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով  բաժնում քննարկվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի  որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա.Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային։ 

Գումարը չի ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով (Վարկը ոչ նպատակային օգտագործելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ, 2023 թվականի հուլիսի 12-ին հարուցվել է քրեական գործ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը»,- ասվում է հաղորդագրության մեջ: