Արցախ

«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար

«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Իմ կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերում տարբեր խմբի շահառուների տրամադրված բնակարաններում նրանց փաստացի բնակվելու հանգամանքը. պատկերը մտահոգիչ է: Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները և մտահոգությունները, իմ կողմից ձևավորվել էր պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որի կողմից պետք է ուսումնասիրվեր և պարզվեր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքը:

Հանձնաժողովի անդամներն այցելել են Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր 327 բնակարան, որի արդյունքում պարզվել է, որ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, մի շարք դեպքերում բնակվում է ոչ շահառուն, կան վաձակալության տրված բնակարաններ, ի հայտ են բերվել նաև այլ խնդիրներ: Վերոհիշյալ արդյունքներն արձանագրվել են միևնույն բնակարանի բազմակի այցելությունից հետո:

Հանձնաժողովի կողմից հավաքագրված տեղեկությունների օբյեկտիվությունն ու լիարժեքությունը վերստուգելու համար այս պահին տվյալների փոխանակում է կատարվում նաև իրավապահ մարմինների հետ: Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ պատկերը վերահաստատվելու դեպքում անհրաժեշտ է լինելու կատարել արդեն իսկ կայացված որոշումների վերանայումներ: Հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում և այլ բնակավայրերում ուսումնասիրությունները շարունակվում են»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական