Արցախ

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղում նռնակներ են հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման կենտրոնում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

Այսօր ժամը 11։30-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչն ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ Ա. Մանուկյան 4 բնակելի շենքի նկուղում չպայթած զինամթերք է տեսել և անհրաժեշտ է սակրավորների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ԱԻ պետական ծառայության սակրավորական խումբը հայտնաբերել է 2 միավոր ձեռքի նռնակ։

Ժամը 16։50-ին մայրաքաղաքի մեկ այլ բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Մանուկյան 4 բնակելի շենքի նկուղում առկա է չպայթած զենք-զինամթերք։ Սակրավորները մեկ միավոր «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել։ Սակրավորները կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագայում այն ոչնչացնելու նպատակով։

«ԱԻ պետական ծառայությունը հորդորում է՝ անծանոթ առարկաներ նկատելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ` ձեռք մի' տվեք, մի' տեղաշարժեք և խուճապի մի՛ մատնվեք։ Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ծառայության թեժ գիծ` 911 կարճ հեռախոսահամարին»,- ասված է հայտարարությունում։