Արցախ

Արցախի ԱԺ-ն ընդունեց ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտող հայտարարություն

Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դատապարտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները, ինչպես նաև սատար կանգնել արցախահայությանը։ 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա մամլո ասուլիսում արված հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։ Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքներն անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»,- ասված է հայտարարությունում։