Արցախ

Արցախում բարձր գնով ապրանքի վաճառքի դեպքում կսահմանվի 500․000-1․000․000 դրամ տույժ

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, որոնց մի մասը ենթարկվել են վարչական տույժի, իսկ մնացածին` վարքագծի դրական փոփոխությամբ պայմանավորված, տրվել  է հնարավորություն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գներով իրացնել վաճառվող ապրանքները, այնուամենայնիվ, վերջին շրջանում  արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։   

Հաշվի առնելով այս  հանգամանքները` վաղվանից Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի համապատասխան տեսչության կողմից լինելու են համալիր ստուգումներ, որոնց արդյունքում հաստատված սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպք արձանագրելու պարագայում կիրառվելու է օրենքով սահմանված տույժի նշանակում` 500,000-ից 1,000,000 դրամի շրջանակներում, իսկ կրկնվելու դեպքում կասեցվելու է տվյալ վաճառքի կետի տնտեսական գործունեությունը։ Այդ ստուգումները լինելու են շարունակական:

Կոչ ենք անում բոլոր այն տնտեսվարողներին, որոնց մոտ կան խախտումներ, շատ արագ բոլոր ապրանքների սահմանված գնապիտակները տեղադրել վաճառվող ապրանքատեսակների վրա։ Համընդհանուր այս դժվար վիճակում խնդրում ենք չստեղծել հավելյալ խնդիրներ սպառողների ու պետության համար՝ ստիպելով լիազոր վարչական մարմնին կիրառել օրենքով սահմանված կոշտ միջոցներ»։