Radar Armenia-ի զրուցակիցը ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանն է։
- Ինչպես կգնահատեք Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։ Երեկ տեղի ունեցած հանրահավաքում պահանջում էին, որ Սամվել Բաբայանը նշանակվի պետնախարար։ Ձեր կարծիքով՝ Բաբայանի նշանակումը պետնախարարի պաշտոնում ի՞նչ կարող է փոխել ստեղծված իրավիճակում։ Ըստ Բաբայանի՝ պետք է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել և բարելավել ժողովրդագրական վիճակը։ Այս երկու հարցը լուծելով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավո՞ր է լուծել։
- Փաստը, որ Սամվել Բաբայանի հանրահավաքից հետո քաղաքական խորհրդատվություններ են սկսվում, ինքնին էական առաջընթաց է։ Կարծում եմ՝ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց պատկերացումները, ծավալվի փակ քննարկում, և կայացվի չափազանց պատասխանատու որոշում։ Իրավիճակն արդեն կրիտիկական-լիմիտային է։
- Բրյուսելում ավարտված հանդիպումից հետո Շարլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի՝ 1991թ․ հռչակագրի համաձայն։ Դրան հաջորդեց բազմաթիվ քննադատություններ, թե Հայաստանը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը։
-Աշխարհում միջպետական հարաբերությունների կարգավորման նախադեպ չկա, երբ երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը չեն ճանաչում․ այստեղ արտառոց ոչինչ չկա։ Ինտրիգն այլ տեղ է․ Ադրբեջանն օրակարգ էր բերել միմյանց քաղաքական ամբողջականությունը ճանաչելու դրույթ։ Պետք է հասկանալ՝ նման քննարկում կա՞։ Իմ գնահատմամբ՝ Հայաստանը ոչ իրավասու է, ոչ էլ միջազգային պարտավորություն ունի արցախցիներին ճանաչելու ադրբեջանահպատակ։ Եթե այդ ինտրիգը հաղթահարվի (իսկ հույս ունեմ, որ կհաղթահարվի), ապա ԼՂ կարգավիճակի, նրա բնակչության ինքնորոշման հարցը կմնա ակտուալ։
- Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակից ելքը։
- Ես հավակնոտ չեմ, որպեսզի ելքի անձնական պատկերացում հուշեմ։ Կարող եմ մասնավոր տեսակետ արտահայտել, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել։ Խնայելով Ձեր եւ ընթերցողի ժամանակը՝ հակիրճ ձևակերպեմ․ պատերազմը չի չեղարկել ԼՂ վարչատարածքային սուբյեկտությունը։ Պետք է հասնել դրա միջազգային վերահաստատմանը, ինչից բխելու է Արցախի իրավա-քաղաքական կարգավիճակը։
Սա դիվանագիտական, իրավական ճանապարհն է, բայց այն անցնելու համար նախ պետք է հասնել ԼՂ-ում և նրա շուրջ արմատական ապառազմականացման։ Սա իմ պատկերացումն է։
Հայկ Մագոյան