Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ ծանոթացել է Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու առաջարկին. «Ամեն ինչ անելու եմ, որ հասարակության մեջ բևեռներ չառաջանան»։
Թովմասյանը վստահեցրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կառաջարկի երկրում սկսել քաղաքական կոնսուլտացիաներ։
«Ոչ մեկը չի ասում, թե ինչ է ասել Շառլ Միշելը Ալիևին և Փաշինյանին։ Նա Ալիևի և Փաշինյանի հետ խոսել է նախկին ԼՂԻՄ-ի, նրա ժողովրդի, անվտանգության և իրավունքների մասին, ոչ թե՝ ինքնորոշման իրավունքի։ Ժողովուրդ ջան, իսկ դա Շառլ Միշելը չի, Արևմուտքի հավաքական կարծիքն է։ Դա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կարծիքն է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ երկրները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն են, որոնց էլ տրված է ԼՂ խնդրի լուծման բանալին. «ՌԴ կարծիքը նույնպես պարզ է»,- շեշտել է նա։
Ըստ Թովմասյանի՝ այսօրվանից կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ. «Մենք բոլոր կողմերին պետք է լսենք»,- նշել է նա՝ հավելելով, որ ծանոթ է և Սամվել Բաբայանի, և մյուսների ճանապարհային քարտեզներին, և կորոշեն, թե որն է ավելի իրատեսական։
Հիշեցնենք, Ստեփանակերտում տեղի ունեցած հանարահավաքի մասնակիցները պահանջում են ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։