Արցախ

Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ

Ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել այս անգամ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին:

Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում:

Հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել՝ խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար: