Վերջին շրջանում Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի, Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակի և այլ հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի հետ։
- Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, 20/54 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղեր կապող գրունտային ճանապարհը: Վերին շրջանում տեղի ունեցող սադրանքների ակտիվացումով Ադրբեջանն ի՞նչ է փորձում հասկացնել, և ինչու՞ է ռուսական կողմը հանդուրժում այս պահվածքը։
- Ադրբեջանի նպատակը եղել և մնում է նույնը՝ վերահսկողություն սահմանել ամբողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մնացածը, թող թույլ տրվի ասել, «տեխնիկական հարցեր են»։
- Արցախում սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, միրգ-բանջարեղեն վիճակն ինչպիսի՞ն է։ Այս ընթացքում գները էական փոփոխության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ։ Ի՞նչ պատկեր է այս առումով։
- Վիճակը մոտ է կրիտիկականին։
- Մարդիկ ինչպե՞ս են դիմակայում շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին։
- Մարդիկ հավատում են, որ լուծում գտնվելու է։
- Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արցախի էլիտայում պառակտում կա։ Ռուբեն Վարդանյանը ասում է, որ իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել ու ճանապարհ ընտրել: Նա ղեկավարությանը հորդորում է հասկանալ այդ պատասխանատվությունը: Դուք Արցախի էլիտայի ներսում պառակտում տեսնու՞մ եք։
- Արցախի ժողովուրդն է ընտրել գործող իշխանությունը և դեռ նրան անվստահություն չի հայտնել։ Իմ կարծիքով՝ այսօր քաղաքական փորձարարությունների ժամանակը չէ։
- Ռուբեն Վարդանյանը պնդում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ, պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, բերում են առաջնային նշանակություն չունեցող ապրանքներ և մարդկանց վերջին միջոցների հաշվին մեծ գումարներ վաստակում։ Արցախում նման բան նկատե՞լ եք։
- Երբ Ռուբեն Վարդանյանն էր պետական նախարար, ինչ-ինչ եղանակով դարձյալ ապրանքներ ներկրվում էին։
- Արցախի իշխանությունները փակուղում են հայտնվել։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ինչպե՞ս են պատկերացնում։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք՝ որո՞նք պետք է լինեն Արցախի իշխանությունների գործողությունները։
- Արցախի ԱԳՆ-ն պաշտոնական տեսակետ է հայտնել՝ կապված Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին Իլհամ Ալիևի աշխատակազմի առաջարկության հետ։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Իշխանությունը, կարծում եմ, հաշվարկել է հետագա հնարավոր զարգացումները և ստանձնել լրջագույն պատասխանատվություն։ Մենք կարող ենք օգնել, օժանդակել, եթե իշխանությունը դրա կարիքն ունի կամ ունենա։
Հայկ Մագոյան