Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ խոսելով Արցախի մասին, նշել էր, թե Ղարաբաղի հայերը պետք է Կոսովոյի սերբերի ու Դոնբասի ուկրաինացիների նման իրավունքներ ունենան։
Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ԼՂ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի հետ։
- Ի՞նչ կասեք ՌԴ ԱԳ նախարարի՝ Արցախի հետ կապված հայտարարությունների առնչությամբ։
- Մենք մեր ասելիքը այս կապակցությամբ բազմիցս ասել ենք, որ ունենք 1988 թվականից սկսած պայքար և նաև 1991 թվականի անկախության հանրաքվե։ Եվ մեր ինքնորոշման իրավունքը իրացրել ենք նաև այդ ճանապարհով։ Ես չգիտեմ, թե օրինակ Կոսովոյում քանի սերբ է մնացել...
- Չի՞ ստացվում, որ Սերգեյ Լավրովը հերքեց տարիներ շարունակ շրջանառված այն թեզը, թե ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղը չի տեսնում Ադրբեջանի կազմում։
- Գիտեք, ես որևէ հստակություն չտեսա Լավրովի ասածների մեջ։ Նա նաև մյուս կողմից ակնարկեց, որ, օրինակ, Դոնբասի պարագայում այդ իրավունքները չեն պաշտպանվել, և հետևանքը սա է։ Չգիտեմ, սա միգուցե նաև մեսիջ էր Ադրբեջանին, բայց որևէ հստակություն նրա ասածների մեջ չկա, և կարծում եմ, որ ամեն ձև կարող է մեկնաբանվել։ Եվ դրա համար, միգուցե, պետք է պարզաբանող հարցեր ուղղել, որպեսզի հասկանալ իր դիրքորոշումը, որովհետև, սրան զուգահեռ, Ռուսաստանի ղեկավարությունը, ի դեմս նախագահի, հստակորեն նշել է, որ այլ կերպ են պատկերացնում Ղարաբաղի ապագան և Ադրբեջանի կազմում չեն պատկերացնում։ Հիմա չեմ կարծում, որ ինչ որ բան փոխվել է, կամ եթե փոխվել է, դրա մասին պետք է հստակ խոսվի։ Այդ լղոզված պատասխանից կարելի է շատ ենթադրություններ անել։
- Լավրովը Դոնբասի հետ է համեմատում ԼՂ-ի ապագան և Կոսովոյի սերբական փոքրամասնության կարգավիճակի հետ է նույնացնում, ոչ թե՝ Կոսովոյի անկախացման պատմության։ Սա Ձեզ համար մտահոգիչ չէ՞։
- Իհարկե, որոշակի մտահոգություններ առաջանում են, որոնք ոչ միայն Արցախի հետ են կապված, այլև, առհասարակ, լարվածություն է զգացվում երկու գերատեսչությունների ղեկավարների միջև։ Մյուս կողմից էլ Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը, որը շատ վատ է ազդում։ Երկու կողմում էլ կան շահեր, որոնք, ցավոք սրտի, վատ ազդեցություն են ունենում տարածաշրջանում։
- Արցախի իշխանությունը ի՞նչ է պատրաստվում անել, հայտարարություն լինելու՞ է այս առնչությամբ։
- Ճիշտն ասած, ես դեռևս նման աշխատանքների մասին տեղեկություններ չունեմ։
- Փորձագիտական շրջանակներն անընդհատ խոսում են, որ անհրաժեշտ է Լաչինի միջանցքում և Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայել, և փաստահավաք առաքելություն լինի։ Այս մասով Արցախի իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն։
- Ես լիազորված չեմ միանձնյա Արցախի իշխանությունների անունից դիրքորոշում հայտնել։ Կարծում եմ՝ ժամանակին արտաքին գերատեսչությունը դիրքորոշում կհայտնի։
Հայկ Մագոյան