Արցախ

Քննարկվել են Արցախի առողջապահական ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ

Քննարկվել են Արցախի առողջապահական ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակա ստորաբաժանումների պատասխանատուների հետ ու ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանին:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սամվել Ավետիսյանին կատարած աշխատանքի համար, իսկ նախարար Վարդան Թադևոսյանին մաղթել արդյունավետ աշխատանք: Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պետական նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության աշխատանքի արդյունավետության շարունակական ապահովման անհրաժեշտությունը:

Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ բնակչության առողջության պահպանումը պետության կողմից կարևորագույն խնդիրներից մեկն է, որի լուծումները քայլ առ քայլ տրվելու են ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրականացվող պետական ծրագրերի միջոցով:

«Առաջիկայում մենք հնարավորություն կունենանք համակարգի բարեփոխումները շարունակել ավելի մեծ ծավալով: Այդ թվում մենք անզիջում պայքար կմղենք բուժհիմնարկներում առկա մի շարք արատավոր երևույթների դեմ, որոնց բախվում են մեր քաղաքացիները: Մի կողմից մենք պետք է բուժաշխատողներին ապահովենք արժանապատիվ վարձատրությամբ, մյուս կողմից արմատախիլ անենք կոռուպցիոն որոշ դրսևորումներ: Այս հարցում ակնկալում եմ առողջապահության ոլորտում իրենց ծառայությունն իրականցնող յուրաքանչյուր անձի համարձակությունը, պատրաստակամությունն ու համառությունը»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական