Արցախ

«Նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ»․ ԱՀ պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

«Հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և միջմշակութային հաղորդակցությանը որակապես նոր շունչ հաղորդելու համար անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր։ Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր նպաստել են այդ կարևոր գործին։

Ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքը ակտիվացնելու համար իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել ռուսական համայնքի հետ մշտապես լինել բաց շփումներում և կառավարության հնարավորության սահմաններում փորձելու եմ իմ մասնակցությունը և ներդրումը ունենալ:

Նմանատիպ հանդիպումները նպաստում են հանրապետությանում առկա խնդիրները միասին վեր հանելու և նաև ռուսական համայնքի ներկայացուցիչների տեսակետների ու առաջարկությունների հիման վրա իրավիճակը մեղմելու առումով որոշումներ կայացնելուն։ Մենք պետք է նաև գիտակցենք, որ միայն իրար օգնելով կարող ենք ներքին հասարակական կյանքը դարձնել ավելի ապահով և հետաքրքիր»,- գրել է նա: