Արցախ

«Ցավալի է, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ»․ Արցախի ՄԻՊ

«Ցավալի է, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ»․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ողջունելի է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:

Հպարտ եմ, որ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և զեկույցները հիմք են դարձել ՀՀ կառավարության այդ հայցի և այս որոշման համար: Ողջունելի ու շատ կարևոր է նաև, որ դատարանը ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով:

Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ՝ ապացուցված չհամարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից: Այնինչ մենք չենք կարող համապարփակ ապացույցներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ ընդհանրապես մուտք չունենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այդ թվում՝ մեր կենսական ենթակառուցվածքների վնասման վայրեր:

Ամեն դեպքում՝ շատ կարևոր եմ համարում առաջին երկու որոշումները և կուզեի շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի թիմին՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, իրավաբանական թիմին և բոլոր անձանց, ովքեր ներդրում ունեն այս նշանակալի հաջողության մեջ:

Պայքարը շարունակվում է, և մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը պատշաճորեն ու հետևողականորեն ներկայացնել ադրբեջանական հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական