Արցախ

Արցախում մեկնարկում է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված երրորդ միջոցառումը

Մեկնարկում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառումը: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Միջոցառման նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախում փաստացի բնակվող և 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող որոշ ընտանիքների տրամադրել միանվագ դրամական աջակցություն:

Աջակցություն ստանալու համար անձը մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը (ներառյալ) դիմում է ներկայացնում Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանում։

Աջակցության գումարը բանկ փոխանցելուց կամ աջակցության տրամադրումը մերժելուց հետո նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին։